Շքեղության հայտնի բրենդ Dior-ը պնդում է, որ իր նոր տոնական անիմացիան ամբողջությամբ ձեռքի աշխատանք է։ Սակայն թվային արվեստագետներն ու թիրախային լսարանը նկատել են արհեստական բանականության (AI) բնորոշ հետքեր, գրում է Inc.com-ը։
Այս տոնական շրջանում ռետրո style-ի ձեռագործ գովազդային արշավները մեծ ժողովրդականություն են վայելում: Prada-ի՝ Դիսնեյի ոճով հեքիաթային տեսանյութերից մինչև Levi’s-ի կավե անիմացիաները՝ նորաձևության ոլորտը փորձում է հեռու մնալ արհեստական բանականությամբ գեներացված «անորակ content»-ի (anti-AI slop) միտումներից: Թվում էր, թե լյուքս դասի առաջատարներից Dior-ը նույնպես հետևում է այս մոտեցմանը։
«Ամբողջությամբ ձեռքի աշխատանք»․ Dior-ի պնդումը
Nոյեմբերի 4-ին Dior-ը ներկայացրեց «Christian Dior’s Night in Color» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը, որի ներշնչանքի աղբյուրը բրենդի հիմնադրի և դերասանուհի Մարլեն Դիտրիխի ընկերությունն է: Ֆիլմի ռեժիսորն է ֆրանսիացի հայտնի անիմատոր Սիլվեն Շոմենը (Sylvain Chomet):
Dior-ի ստեղծագործական տնօրեն Ջոնաթան Անդերսոնը հայտարարեց.
«Ֆիլմը, որը մենք ստեղծել ենք Dior-ի համար, ամբողջությամբ նկարվել է ձեռքով՝ օգտագործելով դեռևս 1940-ականներից եկող տեխնիկաներ»։
Արշավի նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծացավ աստղային կազմի շնորհիվ․ նախագծին մասնակցել էին Ռոբերտ Պատինսոնը, Ռիհաննան, Ջոշ Օ’Քոնորը, Գրետա Լին և ԼեԿեյթ Ստենֆիլդը։
AI-ի «կարմիր դրոշակները» և նկատված սխալները
Սակայն պրեմիերայի հաջորդ իսկ օրը սոցիալական ցանցերում ալիք բարձրացավ: NIRD օգտատիրանունով գրաֆիկական դիզայներն ու նկարիչը X-ում (Twitter) ուշադրություն հրավիրեց ֆիլմում առկա անհամապատասխանությունների վրա: Ըստ նրա՝ 2D անիմացիայի յուրահատուկ կոշտությունն ու որոշ դետալներ հստակ հուշում են արհեստական բանականության կիրառման մասին։
Բացի այդ, ի տարբերություն Prada-ի, որը ցույց էր տվել անիմացիայի ստեղծման բուն ընթացքը, Dior-ի հետնաբեմային (behind-the-scenes) տեսանյութում հիմնականում երևում են ստուդիայի ընդհանուր կադրեր և պատրաստի էսքիզներ:
Այլ օգտատերեր ևս մատնանշել են կասկածելի դետալներ․
-
Աղավաղված և անհասկանալի տառեր,
-
Անատոմիական շեղումներ (օրինակ՝ աչքերի տարօրինակ դիրք կամ ավելորդ մատներ)։
Արվեստագետների պնդմամբ՝ եթե նախագիծը սկզբից մինչև վերջ ձեռքով անիմացիայի ենթարկված լիներ փորձառու մասնագետների կողմից, նման կոպիտ սխալներն անհնար կլիներ չնկատել: Միևնույն ժամանակ, տիտրերում նշված է անիմատորների շատ փոքր թիմ, իսկ AI գործիքների օգտագործման մասին որևէ հիշատակում չկա:
Հանրության դժգոհությունը և Dior-ի պատասխանը
Սոցիալական ցանցերում դեպքը մեծ արձագանք է գտել: Threads հարթակի օգտատերերից մեկը գրել է.
«Dior-ի այս իրավիճակը պարզապես խայտառակություն է։ Ես կարծում էի, թե AI-ով մարդկանց մոլորեցնելը միայն ինտերնետի փոքր խմբերին է բնորոշ, բայց այժմ տեսնում ենք, թե ինչպես է հսկայական լյուքս դասի բրենդը փորձում խաբել մեզ։ Միլիարդավոր դոլարների շրջանառություն ունեցող ընկերությունը չի ցանկացել վճարել իրական անիմատորներին, բայց համարձակություն է ունեցել պնդելու, թե ամեն ինչ ձեռքով է նկարված»։
Չնայած քննադատության ալիքին՝ ֆիլմի ռեժիսոր Սիլվեն Շոմենը պաշտպանում է իրենց աշխատանքը․
«Տեխնիկապես մենք աշխատել ենք ճիշտ այնպես, ինչպես անում էին 1940-ականներին։ Ամեն ինչ առանձին կտրատվում է, յուրաքանչյուր կերպար անիմացվում է առանձին, ապա հավաքվում ֆոնային պատկերների վրա»։
Dior-ն առայժմ պաշտոնական լրացուցիչ մեկնաբանություններով հանդես չի եկել։