Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել կայծակնային շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում:
Նա 13 հնարավորից հավաքել է 9․5 միավոր՝ այդ արդյունքով բաժանելով երկրորդից չորրորդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկի արդյունքում հայ շախմատիստն արժանացել է առաջնության բրոնզե մեդալին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ային քաղաքում կայացած կայծակնային շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում հայ շախմատիստները մրցանակային հորիզոնականներ են զբաղեցրել։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը հավաքել է 9 միավոր և մրցաշարն ավարտել հինգերորդ մրցանակային հորիզոնականում։ Նշվում է, որ Սահակյանը ներկայումս անցնում է պարտադիր զինվորական ծառայություն։
Աշխարհի առաջնությանը մասնակցություն է ունեցել նաև հայ գրոսմայստեր Էմին Օհանյանը։ Նա մրցաշարի արդյունքներով վաստակել է 8․5 միավոր և զբաղեցրել 13-րդ հորիզոնականը։