Բեթմենի մոտոցիկլետը, որը հանդիսատեսին ծանոթ է Քրիստոֆեր Նոլանի «Մութ ասպետը» (The Dark Knight) ֆիլմից, հանվել է աճուրդի։
Propstore աճուրդի տան գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Լեյնը CNN-ին հայտնել է, որ «Բեթփոդի» (Batpod) արժեքը կարող է հասնել 1,2 միլիոն դոլարի:
Տրանսպորտային միջոցի հայեցակարգը, որին տվել էին «Գազան» (The Beast) մականունը, մշակել էին ինքը՝ Նոլանը, և ֆիլմի բեմադրող նկարիչ Նաթան Քրոուլին։ Դիզայնը կյանքի կոչելու պատասխանատվությունը ստանձնել էր «Օսկար» մրցանակակիր Քրիս Քորբուլդը։ Մեքենայի արտաքին թաղանթի տակ տեղադրված է Honda-ի 750 խմ ծավալով շարժիչ, իսկ անիվների տրամագիծը 31 դյույմ է։
Ըստ Լեյնի՝ տրանսպորտային միջոցը չափազանց անհարմար է եղել դերասանների համար, իսկ հնարքներ կատարող մասնագետների (կասկադյորների) համար այն կառավարելը դեռ ավելի դժվար է եղել։ Մի քանի անգամ մոտոցիկլետը դուրս է եկել վերահսկողությունից. նման միջադեպերից մեկը նույնիսկ տեսագրվել է, որտեղ երևում է, թե ինչպես է «Բեթփոդը» բախվում տեսախցիկին։
Ընդհանուր առմամբ արտադրվել էր վեց նման միավոր, սակայն այս աճուրդում ներկայացված է միայն մեկը, որը պաշտոնապես ներկայացրել է «Warner Bros.» ընկերությունը։
Առցանց աճուրդը մեկնարկել է հինգշաբթի օրը և կավարտվի դեկտեմբերի 4-ին Լոնդոնում։ Մոտոցիկլետից բացի, աճուրդում կներկայացվեն նաև Բեթմենի հագուստները, Ինդիանա Ջոնսի գլխարկը և Ջոն Սնոուի սուրը։