Եվրոպական իշխանությունները ուրբաթ օրը նախազգուշացրել են TikTok-ին, որ պլատֆորմը պետք է փոխի իր անհատականացված՝ «Քեզ համար» լրահոսի «վնասակար» դիզայնը, հակառակ դեպքում կարող է ենթարկվել ԵՄ թվային կանոններով նախատեսված խոշոր տուգանքների։ Նման նախազգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ նախնական ուսումնասիրությամբ հայտնաբերվել են կանոնների հնարավոր խախտման նշաններ․ գրում է Euronews-ը։
Հանձնաժողովի գնահատմամբ՝ այսպես կոչված «նապաստակի բնի» էֆեկտը հատկապես վտանգավոր է երեխաների և խոցելի օգտատերերի համար, քանի որ ալգորիթմը կարող է նրանց շարունակաբար առաջարկել տխրության, միայնության և մարմնի ընկալման վերաբերյալ նմանատիպ նյութեր։
ԵՄ-ն TikTok-ին առաջարկել է վերանայել առաջարկությունների համակարգը, ավելի մեծ ուշադրություն դարձնել օգտատերերի նախընտրություններին, դադարեցնել դիտման ժամանակը որպես առաջարկությունների հիմնական չափանիշ օգտագործելը և պարզեցնել կարգավորումների հասանելիությունը։
TikTok-ը մերժել է մեղադրանքները՝ դրանք անվանելով «հիմնովին սխալ» և պնդելով, որ ընկերությունը բավարար քայլեր է ձեռնարկում օգտատերերի անվտանգությունն ապահովելու համար։
Եթե խախտումները հաստատվեն, պլատֆորմին կարող են սպառնալ խոշոր տուգանքներ։ ԵՄ-ն TikTok-ի նկատմամբ հնարավոր խախտումների հետաքննությունը սկսել է ավելի քան երկու տարի առաջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի