Քաղաքականություն
06.11.2026 | 22:23
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որը, նրա խոսքով, պետք է ապահովի Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի և նախարարների կաբինետի նիստերի դահլիճի պահպանումը ազգային հուշարձանների կարգավիճակով, փոխանցում է Meduza-ն։
Այս միջոցը չի խանգարի ապագա նախագահներին փոխել աշխատասենյակի ձևավորումը և չի բացառում հենց հռչակագրի չեղարկման հնարավորությունը, նշում է Associated Press-ը։
Սակայն ինքը Թրամփը հայտարարել է, որ ոչ մի «հիմարների» թույլ չի տրվի քանդել կամ ապամոնտաժել Օվալաձև աշխատասենյակը՝ այն փոխարինելով «մի փոքր այլ ձև ունեցող ինչ-որ բանով»։ «Մեզ դուր է գալիս Օվալաձև աշխատասենյակը, և այն խորհրդանիշ է, ինչպես և հենց Սպիտակ տունը»,– հավելել է ԱՄՆ նախագահը։
Հռչակագրում նշվում է, որ դրա ոչ մի դրույթ չպետք է սահմանափակի նախագահի լիազորությունները՝ փոխելու ազգային հուշարձանի ձևավորումը։ Թրամփը նաև առանձին հայտարարել է, որ ցանկացած լայնածավալ փոփոխություն պետք է քննարկվի Կոնգրեսում, թեև փաստաթղթի տեքստում նման պահանջ նախատեսված չէ։
Իր նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում Թրամփը, իր իսկ խոսքերով, որոշել է «մի փոքր կյանք հաղորդել» Օվալաձև աշխատասենյակին՝ այն կահավորելով բազմաթիվ քանդակներով, գավաթներով և ոսկեզօծ դեկորներով։ Ոսկու առատության պատճառով Օվալաձև աշխատասենյակի ինտերիերը համեմատում են ռոկոկո ոճի կառույցների հետ։
ԱՄՆ նախագահը ձեռնամուխ է եղել նաև Սպիտակ տան վերակառուցմանը։ Մասնավորապես, նրա ծրագրերում էր Արևելյան թևի վերակառուցումը, որտեղ նա ցանկանում է կառուցել նոր՝ 300 միլիոն դոլար արժողությամբ պարահանդեսային դահլիճ, որն ավելի ընդարձակ կլինի, քան նախկինը։ Սկզբում խոսքը միայն Արևելյան թևի մասնակի ապամոնտաժման մասին էր, սակայն հետագայում Թրամփը որոշել էր այն ամբողջությամբ քանդել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի