Ալիևը խոսել է Ղարաբաղում «հայերի իրականացրած ավերածությունների» մասին

Քաղաքականություն

Ալիևը խոսել է Ղարաբաղում «հայերի իրականացրած ավերածությունների» մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ», գրում է «Ազատությունը»։ 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Զանգելանի և Ջաբրայիլի շրջաններ տեղափոխված բնակիչների հետ հանդիպմանը Ալիևը պնդել է, թե հայերը 30 տարի շարունակ ավերել են այդ տարածքները։

«Հայերը 30 տարի ավերել են այս հողերը, քարը քարի վրա չեն թողել։ Իսկ մենք ընդամենը վեց տարում Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր ենք վերադարձրել շուրջ 100 հազար մարդու՝ նրանց համար ստեղծելով հնարավոր լավագույն պայմանները», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևն անդրադարձել է նաև 2020 թվականի պատերազմին՝ պնդելով, թե Ադրբեջանը «վերականգնել է արդարությունն ու իր իրավունքները»։

Այս հայտարարությունները հնչում են հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից ավելի քան մեկ տարի անց։ Փաստաթուղթը դեռ չի ստորագրվել. Բաքուն շարունակում է պահանջել Հայաստանի Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը։

Leave a comment