2027 թվականի պետական բյուջեի նախագծով Քաղաքաշինության կոմիտեին նախատեսվում է հատկացնել շուրջ 5 մլրդ 115 մլն դրամ։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։
Նրա խոսքով՝ 3,36 մլրդ դրամ կուղղվի Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի և Սևանա լճի առափնյա ճեմուղու կառուցման ծրագրերին։ Աշոտաբերդում մինչև 2028 թվականը նախատեսվում է կառուցել 15 բազմաբնակարան շենք, իսկ Սևանի «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև թերակղզի՝ 2,8 կմ երկարությամբ ճեմուղի, որի շինարարությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին։
Բացի այդ՝ 283,23 մլն դրամ կհատկացվի Սևանա լճի ջրհավաք ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական գոտևորման նախագծի մշակմանը, իսկ 268 մլն դրամ՝ շինարարական նորմերի արդիականացմանը և ԵՄ չափորոշիչների տեղայնացմանը։
Քաղաքաշինության կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․
2027 թվականի պետական բյուջեի նախագծով Քաղաքաշինության կոմիտեին նախատեսվում է հատկացնել ընդհանուր 5 միլիարդ 115 միլիոն դրամ: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է, որ նախատեսված միջոցներն ուղղվելու են քաղաքաշինության ոլորտի կարգավորումների արդիականացմանը, բնակելի և հանրային ենթակառուցվածքների զարգացմանը, տարածական պլանավորմանը ինչպես նաև կոմիտեի հիմնական գործառույթների ապահովմանը։
Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման շրջանակում նախատեսվում է 268 միլիոն դրամ ուղղել գործող շինարարական նորմերի արդիականացման և Եվրոպական միության նորմերի տեղայնացման աշխատանքներին։
Քաղաքաշինության բնագավառում պետական ծրագրերի իրականացման նպատակով է նախատեսվում է 3 մլրդ 360 մլն դրամ, որն ուղղվելու է Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի և Սևանի թերակղզուց ձգվող առափնյա հատվածի ճեմուղու կառուցմանը։
Աշոտաբերդ թաղամասում մինչև 2028 թվականը նախատեսվում է կառուցել բազմաբնակարան 15 շենք։ «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի հատվածում 2,8 կիլոմետր երկարությամբ և 6,5 մետր լայնությամբ ճեմուղու կառուցման նախագիծը համալիր փորձաքննության փուլում է։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2027 թվականին։
Հաջորդ ուղղությունը Սևանա լճի ջրհավաք ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական գոտևորման նախագծի մշակումն է՝ ընդհանուր մոտ 404 մլն դրամ արժեքով, որից 2027 թվականի համար նախատեսվում է 283,23 մլն դրամ։
«Այս աշխատանքների անհրաժեշտությունը պայմանավորված է Սևանա լճի առափնյա տարածքների զարգացման միասնական մոտեցում ունենալու կարևորությամբ։ Իրականացվելու է գոտևորման նախագիծ, որով կհստակեցվեն կառուցապատման բոլոր չափանիշները, օգտագործելի հողատարածքների հնարավորությունները և դա պարզ, թափանցիկ կներկայացվի հանրությանը։ Արդյունքում հնարավոր կլինի ապահովել առափնյա տարածքների առավել համակարգված ու կանոնակարգված զարգացումը՝ հաշվի առնելով նաև Սևանա լճի բնապահպանական առանձնահատկությունները և օգտագործելով տարածքի տնտեսական ներուժը»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը։
Քաղաքաշինության կոմիտեի կանոնադրական գործառույթներն իրականացնելու նպատակով կոմիտեի պահպանման ծախսերի համար 2027 թվականին նախատեսվում է մոտ 1 մլրդ 160 մլն դրամ, իսկ կարողությունների զարգացման համար՝ մոտ 30 մլն դրամ։