11-ամյա երեխան, թմրանյnւթի կասկածն ու ալկոհոլը․ մայրը պահանջում է արդար քննություն. Armlur.am

Երեկ ներքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով 11-ամյա տղայի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածներին հայտարարել էր, որ չեն հաստատվել օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները:

Արդյունքում, այսօր ArmLur.am-ի փոխանցմամբ՝ 11-ամյա տղայի մայրը՝ Գայանե Մաթևոսյանը, անրադառնալով կատարվածին հայտարարել է.

«Իմ 11 տարեկան երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ անգիտակից, լեզվի կծկումով և սրտի շուրջ 200 զարկ հաճախականությամբ։ Շտապօգնության բժիշկների և հիվանդանոցում երեխայիս ընդունած բուժանձնակազմի մոտ առաջացել է թմրամիջոցով կամ այլ հոգեներգործուն նյութով թունավորման կասկած։

Երեխայիս ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, վերցվել են անալիզներ։ Սակայն օրեր անց մեզ հայտնում են, որ երեխայիս վիճակի պատճառը եղել է ալկոհոլի օգտագործումը։ Մենք համաձայն չենք այս պատասխանի հետ և պահանջում ենք պարզել ճշմարտությունը։ Հարցեր կան, որոնց պատասխանները պետք է ստանանք.

* Ինչո՞ւ սկզբնական բժշկական գնահատման ժամանակ առաջացել է թմրամիջոցով թունավորման կասկած։

* Ի՞նչ կոնկրետ լաբորատոր հետազոտություններ են կատարվել։

* Ո՞ր նյութերն են ստուգվել, և ի՞նչ մեթոդով։

* Արդյո՞ք պահպանվել են երեխայիս վերցված արյան և մեզի նմուշները՝ անկախ փորձաքննության համար։

* Ինչո՞ւ է դեպքի սկզբնական գնահատականն այդքան տարբեր վերջնական պատասխանից։

Մենք ունենք լուրջ մտահոգություններ, որ երեխայիս կարող էր թմրամիջոց կամ այլ վտանգավոր նյութ տրված լինել, և պահանջում ենք բացառել նաև հետազոտությունների հնարավոր կեղծման կամ ոչ պատշաճ կատարման հանգամանքը։ Մենք չենք ցանկանում անհիմն մեղադրանքներ ներկայացնել որևէ անձի։ Ուզում ենք միայն ճշմարտությունը՝ անկախ փորձաքննությամբ և անկողմնակալ քննությամբ։

Պահանջում ենք՝ 1. Երեխայի արյան և մեզի նմուշների անկախ դատաքիմիական և թունաբանական փորձաքննություն։

2. Բոլոր բժշկական փաստաթղթերի, անալիզների բնօրինակ արդյունքների և հետազոտության մեթոդների տրամադրում։

3. Շտապօգնության և հիվանդանոցների բուժանձնակազմի գործողությունների ուսումնասիրություն։

4. Դեպքի բոլոր հնարավոր մասնակիցների բացահայտում և իրավական գնահատական։

5. Պարզել՝ արդյոք որևէ մեկը փորձել է թաքցնել իրական պատճառը կամ խոչընդոտել քննությանը։

Սա 11 տարեկան երեխայի կյանքի և անվտանգության հարց է։ Ոչ մի պաշտոն, ոչ մի կապ և ոչ մի ազդեցություն չպետք է խանգարի ճշմարտության բացահայտմանը։ Մենք պահանջում ենք ոչ թե ենթադրություններ, այլ անկախ փորձաքննություն, ապացույցներ և արդար քննություն»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մալաթիայում 11-ամյա տղային անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոց: ՆԳՆ-ից հայտնել էին,  որ նշված անչափահասին հյուրասիրել են կոնֆետ, ապա նա սրճեփ սարքից խմել է կաթ, ինչից հետո վատացել է ինքնազգացողությունը: Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտնեց, որ անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել:

Կատարված ստուգումներով պարզվել է, որ անչափահասն ալկոհոլ է օգտագործել։ Օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել։

Leave a comment