Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ

Հայաստանում կենսաչափական նոր անձնագրերի տրամադրմանը զուգահեռ համացանցում դրանց վերաբերյալ մի շարք սխալ և մոլորեցնող տեղեկություններ են տարածվում։ Դրանցից մի քանիսը վերաբերում են գործող ID քարտը պարտադիր փոխելու, անձնագրում Հայաստանի Հանրապետության՝ որպես հովանավորի նշման բացակայության և քաղաքացիների անձնական տվյալները մասնավոր ընկերությանը փոխանցելու մասին պնդումներին։ Factor TV-ին ստուգել է այդ տեղեկությունները։

Մասնավորապես, սոցիալական ցանցերում պնդում են, թե կենսաչափական անձնագիր ստանալու համար քաղաքացիները պարտավոր են փոխել նաև իրենց գործող ID քարտը։ Սակայն սա սխալ է․ գործող նույնականացման քարտ ունեցող քաղաքացին կարող է առանձին ստանալ նոր կենսաչափական անձնագիր՝ առանց ID քարտը փոխելու։ Ավելին՝ մինչև 16 տարեկան երեխաների համար ծնողները կարող են կենսաչափական անձնագիր ստանալ նաև առանց նույնականացման քարտի։

Սխալ է նաև Տիգրան Խզմալյանի պնդումը, թե նոր անձնագրերում նշված չէ, որ անձնագրի կրողի հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Նոր նմուշի անձնագրի առաջին էջում այդ գրառումը պահպանվել է։

Համացանցում շրջանառվում է նաև պնդում, թե քաղաքացիների անձնական տվյալները փոխանցվելու են օտարերկրյա մասնավոր ընկերությանը։ Հայաստանի նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրմամբ զբաղվում է ֆրանսիական կոնսորցիումի ստեղծած HayPass ընկերությունը, որի հետ պայմանագիր է կնքել ՆԳՆ-ն։ Նախարարության պարզաբանմամբ՝ քաղաքացիների տվյալների կառավարումը պետության պատասխանատվությունն է, իսկ ընկերությունն իրականացնում է տեխնիկական աշխատանքներ՝ հավաքում կենսաչափական տվյալները, տպագրում և տրամադրում փաստաթղթերը։

Նոր անձնագիր ստանալն այս պահին պարտադիր չէ բոլոր քաղաքացիների համար։ Եթե գործող անձնագրի ժամկետը չի լրացել, իսկ քաղաքացին ունի ID քարտ, նոր անձնագիր ձեռք բերելու հրատապ անհրաժեշտություն չկա։ Նոր անձնագրի արժեքը 28 650 դրամ է, իսկ նույնականացման քարտինը՝ 5950 դրամ։ Հայաստանի ներսում անձը հաստատելու համար ID քարտը բավարար է։

Այսպիսով, կենսաչափական նոր անձնագրերի վերաբերյալ համացանցում տարածվող մի շարք պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment