Ռուսաստանից մատակարարվող գազի գնի բարձրացման վերաբերյալ պաշտոնական դիմումներ չի ստացվել. ՀԾԿՀ նախագահ


ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս պահին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից կամ ռուսական կողմից գազի գնի բարձրացման վերաբերյալ պաշտոնական դիմում չի ստացել, հայտարարել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։


«Այս պահին մենք որևէ պաշտոնական նամակ չունենք։ Բայց դա դեռ չի նշանակում, թե մինչև համապատասխան տեղեկատվության ստացումը իրավիճակը չի փոխվի։ Այնուամենայնիվ, ես մեծ հույս ունեմ, որ նման բան չի լինի», – ուբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է Մեսրոպյանը։


Նրա խոսքով՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի մոտ 30–33%-ն արտադրվում է ջերմային էլեկտրակայանների կողմից, հետևաբար գազի գնի բարձրացումը կհանգեցնի այդ կայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի թանկացմանը և, ըստ այդմ, կազդի սակագների վրա։


Սակագների մասին


Միևնույն ժամանակ, Մեսրոպյանը նշել է, որ ֆորս-մաժորային, արտակարգ կամ սակագնային վերանայման սովորական ընթացակարգերից դուրս իրավիճակի բացակայության դեպքում գազի սակագների բարձրացում առնվազն մինչև 2027 թ.-ի մարտը չի սպասվում։


Նա պարզաբանել է, որ սովորական կարգով սակագները վերանայվում են տարին երկու անգամ՝ հանձնաժողովի կամ կարգավորվող ընկերության նախաձեռնությամբ։


ՀԾԿՀ նախագահի խոսքով՝ նույնիսկ եթե «Գազպրոմ Արմենիան» հենց հիմա դիմի սակագների բարձրացման առաջարկով, համապատասխան հայտը կվերաբերի սակագների վերանայման հաջորդ վեցամսյա ժամանակահատվածին։


«Այս հարցում որոշակի լարվածություն և ռիսկ իսկապես գոյություն ունեն, սակայն գործնականում դեռևս որևէ կոնկրետ քայլ չկա։ Նույնիսկ եթե սակագները բարձրանան, դա չի անդրադառնա քաղաքացիների վրա ընթացիկ ձմռան ընթացքում, եթե, իհարկե, չլինի, օրինակ, գազամատակարարման հանկարծակի դադարեցում», – ընդգծել է Մեսրոպյանը։


Ռուսական գազի և Հայաստանի մասին


Հայաստանի համար ռուսական գազի հնարավոր թանկացման հարցը քննարկվում է Եվրոպական միության հետ Երևանի մերձեցման ֆոնին։


2026 թ.-ի մայիսին Մոսկվան նախազգուշացրել էր գազի մատակարարման գործող համաձայնագրերի վերանայման հնարավորության մասին՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի շարունակման դեպքում։


ԵԱՏՄ չորս երկրների ներկայացուցիչների՝ հոկտեմբերին հրապարակված զեկույցում դիտարկվում է Հայաստանի համար ռուսական գազի գնի 69%-ով բարձրացման սցենարը՝ 177,5 դոլարից հասնելով 300 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց։


Ընդ որում, գնի բարձրացման վերաբերյալ պաշտոնական որոշում չի կայացվել։ Հայաստանի սահմանին ռուսական գազի բազային պայմանագրային գինը կազմում է 165 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց։


 


 

Leave a comment