ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության եթերում Քննչական կոմիտեի ներկայացուցչի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը վերաբերող հայտարարություններին՝ դրանք որակեց «հանրությանը մոլորեցնելու փորձ»։

Ղազինյանն իր խոսքում նախ ընդգծեց, որ քննիչի կողմից խախտվել է նախաքննական գաղտնիքը, ապա մասնագիտական պարզաբանումներ ներկայացրեց շրջանառվող երեք հիմնական թեզերի շուրջ․ Քննչական կոմիտեի պնդմանը, թե 6,5 միլիարդ դրամի վարկային միջոցները նպատակային չեն օգտագործվել, իսկ ստացված գումարներից շահաբաժիններ (դիվիդենտներ) են վճարվել, պատգամավորը պատասխանեց, որ վարկային պայմանագրերում միշտ հստակ ամրագրվում է նպատակը՝ լինի դա ներդրումային, թե կրեդիտորական պարտքերի մարում:

«ՀՀ քաղաքացին իր վճարած հոսանքի սակագնով վարկերի տոկոսները չի փակում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն անձամբ է հաստատել, որ բոլոր վարկերի տոկոսները վճարում է բացառապես սեփականատերը՝ սեփական միջոցներից, այլ ոչ թե ժողովուրդը»,- նշեց նա՝ հավելելով, որ 2015 թվականից ի վեր սեփականատերն ընդամենը վերջին տարիներին է շահաբաժին ստացել, որը զգալիորեն զիջում է այդ ընթացքում վարկերի տոկոսների մարմանն ուղղված սեփական միջոցներին։

Ղազինյանը տարակուսանք հայտնեց, որ իրավապահ կառույցի բարձրաստիճան պաշտոնյան ընկերության օրինական շահույթից շահաբաժին ստանալը որակում է որպես «հափշտակություն»՝ նշելով, որ նման գործելաոճը ոչնչացնում է երկրի ներդրումային միջավայրը․ «Արտաքին ներդրումներ արդեն չունենք, հիմա էլ ուզում են այնպես անել, որ ներքին ներդրողներն էլ ոչինչ չանեն: Եթե մարդն իր շահույթը վերցնելու համար պետք է հափշտակող ճանաչվի, էլ ո՞վ ներդրում կանի»։

Նա նաև հիշեցրեց 2015 թվականի «Էլեկտրիկ Երևան» շարժումը, երբ ՀԷՑ-ն ուներ շուրջ 36 միլիարդ դրամի ճեղքվածք։ Ըստ Ղազինյանի՝ այդ ժամանակ իշխանությունների խնդրանքով Սամվել Կարապետյանը ստանձնեց ընկերությունը, և մինչ օրս գործող բոլոր խոշոր վարկային պայմանագրերի տակ դրված է անձամբ Սամվել Կարապետյանի և իր ընկերությունների երաշխավորությունը։

«Առանց այդ երաշխավորությունների որևէ միջազգային կառույց պատրաստ չէր լինի վարկավորել ՀԷՑ-ին»,- շեշտեց նա։

Անդրադառնալով քննչական մարմնի այն պնդմանը, թե երկաթբետոնե հենասյուները նախկինում ձեռք են բերվել ուռճացված գներով, իսկ նոր մրցույթով՝ գրեթե կրկնակի էժան, բանախոսը պարզաբանեց գնագոյացման տրամաբանությունը․ «Նախկին պայմանագրերում գնի մեջ ներառված է եղել ամբողջական լոգիստիկան՝ բեռների տեղափոխումը Հայաստանի ցանկացած դժվարհասանելի կետ՝ սարեր, անանցանելի դաշտամիջյան ճանապարհներ, մինչև 400+ կմ հեռավորություն, օրինակ՝ Մեղրի կամ Ալագյազ։ Նոր մրցույթում, որը ներկայացվում է որպես «էժանացված», տեղափոխման, բարդ պայմաններում մատակարարման և այլ լրացուցիչ ծառայությունների ծախսերը ներառված չեն, ինչն էլ ստեղծում է գնային թվացյալ տարբերություն»։

Ամփոփելով՝ բանախոսը կոչ արեց քաղաքական շահարկումների և հանրությանը ապատեղեկատվությամբ «կերակրելու» փոխարեն հարցերին մոտենալ բացառապես փաստերով և մասնագիտական դաշտում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան

Leave a comment