ՀՀ-ն մտադիր է մինչև 2031թ․ ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկել ևս 5 հուշարձան կամ հուշարձանախումբ։ Այդ մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ներկայացնելով մշակութային ոլորտի կարևորագույն արդյունքներն ու առաջիկա առաջնահերթությունները։
Նա հավելել է, որ մոտ երեք տասնամյակ տևած դադարից հետո Հայաստանը վերականգնել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում հայկական հուշարձանների ընդգրկման գործընթացը։ Մինչև 2031 թվականը նախատեսվում է այդ ցանկում ավելացնել ևս հինգ հուշարձան, հայտնում է Արմենպրեսը:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկումը ոչ միայն միջազգային ճանաչելիության, այլև կառավարման որակի բարձրացման հնարավորություն է, քանի որ կարևոր պայմաններից է նաև հուշարձանների պատշաճ կառավարման համակարգի առկայությունը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։
Ներկայում մասնագիտական աշխատանքներ են ընթանում պատմական Հայաստանի մայրաքաղաք Արտաշատի և Սյունիքի մարզում գտնվող ժայռափոր բնակավայրերի վերաբերյալ հայտերի նախապատրաստման ուղղությամբ։ Բացի այդ, նախատեսվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկման համար ներկայացնել նաև հայկական ամրոցներից մեկը։
Զուգահեռաբար շարունակվում են հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և միջազգային հանրահռչակման նախաձեռնությունները։
Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցանկերում ընդգրկելու նպատակով ներկայացնել ոչ նյութական մշակութային ժառանգության ևս երկու տարր։
Խոսելով արդեն գրանցված ձեռքբերումների մասին՝ նախարարը կարևորել է «Արենի-1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունը Արփա գետի կիրճում» հայտի ներկայացումը։
Նա անդրադարձել է նաև Իրանի հետ համագործակցությամբ ներկայացված համատեղ հայտին, որն առնչվում է անձրևի և ջրի հետ կապված ավանդույթներին։ Այդ նախաձեռնությունը հնարավորություն կտա միջազգային մակարդակով առավել ճանաչելի դարձնելու նաև հայկական Վարդավառի տոնակատարության ավանդույթը։
Խոսքը նախնական ցանկի, այլ ոչ թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկի մասին է։ 1995 թվականից ի վեր, նախնական ցանկում հայկական հուշարձանների նոր հայտեր չէին ավելացվել։ Գործընթացը վերսկսվել է 2024 թվականին «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտի ընդգրկմամբ։