ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ իշխանությունը որևէ ազդեցություն չի ունեցել Վլադիմիր Վարդանյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելու գործընթացի վրա։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Աղաջանյանն անդրադարձել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի հայտարարությանը, թե Վարդանյանի ընտրությունը 2020 թվականին Սահմանադրական դատարանում իրականացված փոփոխությունների վերջնանպատակը չէր։ Խոսքը Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնից հեռացմանը հանգեցրած գործընթացի մասին է։
Աղաջանյանը նշել է, որ չի հասկանում՝ ինչ նկատի ունի Շաթիրյանը, և հիշեցրել, որ ՍԴ նախագահն ընտրվում է հենց Սահմանադրական դատարանի դատավորների կազմից։ Նրա խոսքով՝ Վարդանյանից բացի թեկնածուներից մեկը եղել է նաև Էդգար Շաթիրյանը, հետևաբար, եթե վերջինս գործընթացում խնդիրներ կամ լեգիտիմության հարցեր է տեսնում, ապա պետք է հենց ինքն էլ դրանց մասին խոսի։
Պատգամավորը հերքել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որևէ կերպ ազդել է ընտրության վրա։
«Ես երաշխավորում եմ, որ որևէ միջամտություն և ազդեցություն այդ գործընթացի վրա մեր իշխանության կողմից չի եղել և չէր կարող լինել»,- ասել է Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ ներկայիս Սահմանադրական դատարանը քաղաքականացված չէ, և այն չի կարելի համեմատել Հրայր Թովմասյանի նախագահության ժամանակահատվածի ՍԴ-ի հետ։
Անդրադառնալով Վլադիմիր Վարդանյանի՝ նախկինում ՔՊ խմբակցության անդամ լինելու հանգամանքին՝ Աղաջանյանը նշել է, որ նրա՝ կուսակցական լինելուց հետո մասնագիտական կարիերան ՍԴ-ում շարունակելու որոշումն անձնական է եղել։ Նա նաև պնդել է, որ ՔՊ խմբակցության բազմաթիվ պատգամավորներ, հնարավոր է՝ մեծամասնությունը, դեմ են եղել Վարդանյանի՝ ՍԴ դատավոր դառնալուն, քանի որ նրան ցանկանում էին տեսնել համապատասխան հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Աղաջանյանը որպես փաստարկ հիշատակել է նաև ընտրությունների բողոքարկման վերջին գործը, որի շրջանակում, իր խոսքով, Վլադիմիր Վարդանյանը ինքնաբացարկ է հայտնել՝ հաշվի առնելով իր նախկին կուսակցական պատկանելության հանգամանքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան