Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՍԴ նախագահ, Էդգար Շաթիրյանը հրաժարվել է փոխնախագահի պաշտոնից

Երկու փուլով և 4 փորձից հետո Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը։

Աշխատակարգային նիստում որպես ՍԴ նախագահի թեկնածու առաջադրվել են ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի և ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունները:

«Գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքներով ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը»,– հայտնել է դատարանը։

Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում պաշտոնավարել ՍԴ փոխնախագահ, սակայն կշարունակի աշխատանքը որպես դատավոր, հայտնում է «Փաստինֆոն»:

Շաթիրյանն ասել է, որ առնվազ այսօրվա մասով ընտրության ելքն իր համար անկանխատեսելի չէր։

«Ես ընդամենը մի նախադասություն կասեմ ու սրանով կավարտեմ՝ արդյո՞ք սա էր 2020 թվականի հունիսն տեղի ունեցած Սահմանադրության փոփոխության վեջնանպատակը։ Ես չեմ ուզում հավատալ սրան անձնապես, բայց առկա իրողությունները ստիպում են հաշվի նստել դրանց հետ։ Այլ խոսքերով, մոտ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր»,-ասել է նա:

Հարցին՝ տեղեկություններ ունե՞ր իշխանական ճնշումների մասին, նա պատասխանել է․ «Առնվազն իմ մասով, իմ տեսակը հաշվի առնելով, ինձ փոքրիշատ ճանաչողները կփաստեն, որ ես ճնշվողներից չեմ։ Ավելի քան 6 տարի պաշտոնավարում եմ որպես դատավոր, իմ գործունեության և իմ անձի մասով երբեք ճնշում չի եղել, չկա, չի էլ կարող լինել»։

Նորընտիր նախագահ Վլադիմիր Վարդանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Նա նախկինում ևս աշխատել է Սահմանադրական դատարանի համակարգում՝ 2018 թվականի ապրիլից մինչև 2019 թվականի հունվար զբաղեցնելով ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Վարդանյանը նախկինում անդամակցել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և եղել Ազգային ժողովի նույնանուն խմբակցության պատգամավոր։

2026-ի մարտի 25-ին նա ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր, իսկ այժմ ստանձնելու է նաև դատարանի նախագահի լիազորությունները։

Հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանում արդեն անցկացվել է նախագահի ընտրության երկու փուլ, սակայն երկու քվեարկություններն էլ ավարտվել են առանց արդյունքի։ Այդ ժամանակ ևս նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր դատավոր Էդգար Շաթիրյանը, իսկ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել էր իր թեկնածությունն ինքնառաջադրման կարգով։

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է հոկտեմբերի 12-ին։ Չնայած նախագահի լիազորությունների ավարտին՝ Դիլանյանը շարունակել է իր գործունեությունը Սահմանադրական դատարանում՝ որպես դատավոր։

Leave a comment