Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը տնտեսական ցուցանիշներով «աշխարհից երկու անգամ առաջ է ընթանում»։ Մանուկյանը նշեց, որ նման հայտարարությունները որևէ աղերս չունեն իրականության հետ․

«Քանի որ Գևորգ Պապոյանն ասում է՝ երկու անգամ աշխարհից առաջ ենք անցել, կարծում եմ՝ ինքն էլ աշխարհից ու մեր իրականությունից է երկու անգամ կտրվել։ Իրականության հետ ոչ մի կապ չունի իր ասածը»,- նշեց նա։

Մանուկյանի խոսքով՝ տնտեսական և քաղաքական ցանկացած անհաջողության ծանրությունը մնում է ՀՀ հպարտ քաղաքացու ուսերին, ով աշխատում է, հարկեր է վճարում, մինչդեռ պետական պաշտոնյաները պարտավոր են ծառայել այդ նույն ժողովրդին։ Քննադատելով իշխանությունների գործելաոճը՝ նա շեշտեց, որ իշխանությունը չի կարող միայն դրական արդյունքները վերագրել իրեն, իսկ ձախողումները բարդել ուրիշների վրա․ «Վերջին տարիներին իշխանության ղեկին դուք եք, դուք եք պարբերաբար ասել, որ ամենաջերմ հարաբերություններն ունեք, Պուտինի հետ եք ամենաշատը զանգում-խոսում։ Ուրեմն և՛ դրականն է ձերը, և՛ բացասականը։ Եթե լավ ապրելն է ձերը, ապա վատ ապրելն էլ է ձերը, բանակի զոհերն էլ են ձերը, պատերազմի պատասխանատվությունն էլ»։

Պատգամավորը նշեց, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների «անպատասխանատու և վիրավորական հայտարարություններին ի պատասխան»՝ հաջորդում են կոնկրետ գործողություններ՝ օրինակ՝ պատգամավոր Լուսինե Բադալյանի մուտքի արգելքը ՌԴ, Շիրակի մարզպետի հայտարարությունների հետևանքները, արտահանման սահմանափակումները։

Մանուկյանի համոզմամբ՝ ԵՏՄ-ի հետ տնտեսական համագործակցությունը Հայաստանին տալիս է հսկայական օգուտներ, և այդ հարթակում ծագած վերջին խնդիրներն ու սահմանափակումները գործող իշխանության վարած քաղաքականության անմիջական հետևանքն են։

Անդրադառնալով իշխանության այն թեզին, թե ներկայիս խնդիրները «նախկինների սխալների» հետևանք են՝ Մանուկյանը հայտարարեց, որ այդ արդարացումն այլևս չի աշխատում։

«Արդեն երկար տարիներ իշխանության եք․ ամենալավ նախկինն էլ եք դուք, ամենալավ ներկան էլ։ Առաջին տարին ասացիք՝ նոր ենք, չենք հասկանում, հետո ասացիք՝ պրոֆեսիոնալ ենք, վունդերքինդ ենք, մեր պեսը չկա։ Ուրեմն էլ «նախկիններ» ասելը չի աշխատում, ժամկետն անցել է։ Այս ամենի թիվ մեկ պատասխանատուն ուղիղ դուք եք»,- եզրափակեց Մեսրոպ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան

Leave a comment