Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնից, սակայն շարունակելու է պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։ Այս մասին ՍԴ նախագահի ընտրությունից հետո 24News-ի հետ զրույցում հայտարարել է ինքը՝ Շաթիրյանը։
«Հաշվի առնելով այն, որ փաստվեցին ձևավորված իրողությունները՝ ես անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես Սահմանադրական դատարանի փոխնախագահ»,— նշել է նա՝ հավելելով, որ իր կայացրած որոշումը միանգամայն տրամաբանական է։
Անդրադառնալով հնարավոր ճնշումների մասին հարցերին՝ Շաթիրյանը հերքել է դրանք՝ շեշտելով, որ իրեն ճանաչողները կփաստեն, թե ինքը ճնշումների ենթարկվող անձ չէ։ «Ավելի քան 6 տարի պաշտոնավարում եմ որպես ՍԴ դատավոր, իմ գործունեության մասով երբևէ ճնշում չի եղել, չկա և չի կարող լինել»,— ընդգծել է նա։
Միաժամանակ, Շաթիրյանը խոստովանել է, որ ՍԴ նախագահի ընտրության արդյունքն իր համար անկանխատեսելի չէր։ Վերջինս նաև հռետորական հարցադրում է արել՝ արդյոք սա էր 2020 թվականի հունիսին տեղի ունեցած Սահմանադրության փոփոխության վերջնանպատակը․ «Ես չեմ ուզում հավատալ սրան անձնապես, բայց առկա իրողությունները ստիպում են հաշվի նստել դրանց հետ»։