Պատմական փորձը ցույց է տալիս, որ արտաքին անվտանգային երաշխավորների վրա հույս դնելը հայ ժողովրդի համար մշտապես ավարտվել է աղետով, իսկ դրա վերջին դրսևորումը 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններն էին, երբ դե յուրե արձանագրված պարտավորությունները չիրագործվեցին։ Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ պետության անվտանգության և զարգացման միակ իրական երաշխավորը հարկ վճարող քաղաքացին է։
Գագաթնաժողովի մասնակիցներից մեկը հարց էր ուղղել, թե երբ Հայաստանի պետությունը կկարողանա ԱՄՆ-ի կամ Իսրայելի օրինակով աշխարհի ցանկացած կետում անմիջապես միջամտել և պաշտպանել իր քաղաքացիների ու հայերի իրավունքները։
Անդրադառնալով հնչեցված համեմատությանը՝ վարչապետն ընդգծել է պետական բյուջեների անհամեմատելիությունը. «Պարզ է, որ Հայաստանը չի կարող Միացյալ Նահանգների հետ համեմատվել, նույնիսկ Իսրայելի հետ չի կարող համեմատվել։ Եվ գիտե՞ք ինչի, որովհետև Հայաստանի և Միացյալ Նահանգների բյուջեները իրար հետ համեմատելի չեն։ Ի դեպ, եթե ուզում ենք պետության մասին իմանալ, պետք ա իմանանք բյուջեի մասին»։