Երևանում մեկնարկել է «AI՝ նորարարությունից մինչև պատասխանատու կառավարում» խորագրով հայաստանյան ինտերնետ կառավարման 11-րդ համաժողովը՝ ArmIGF-ը, որին մասնակցում են կառավարության ներկայացուցիչներ, IT ոլորտի առաջատար մասնագետներ, ինչպես նաև մասնավոր հատվածի, ակադեմիական շրջանակների և քաղհասարակության ներկայացուցիչներ։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Կատարինա Գևորգյանը համաժողովի բացմանը նշեց, որ ուրախ է բոլորին տեսնել մի հարթակում, որտեղ քննարկելու են Հայաստանի թվային զարգացմանն ու համացանցի ապագային առնչվող կարևոր հարցեր։
Անդրադառնալով «AI՝ նորարարությունից մինչև պատասխանատու կառավարում» խորագրին՝ նա նշեց. «Թեման այսօր առավել քան երբևէ արդիական է, որովհետև արհեստական բանականությունը փոխում է մեր հասարակությունը, տնտեսությունը, կրթությունը, հանրային ծառայությունները և ընդհանրապես համացանցի զարգացման և օգտագործման ձևերը։ ԱԲ-ի զարգացումը նոր հնարավորությունների հետ մեկտեղ առաջ է բերում նաև կարևոր հարցեր՝ կապված տվյալների պաշտպանության, գաղտնիության, կիբեռանվտանգության, թափանցիկության, հաշվետվողականության և մարդու իրավունքների պաշտպանության հետ։ Հետևաբար, այսօր մեր խնդիրն է ոչ միայն խոսել տեխնոլոգիական նորարարությունների մասին, այլև քննարկել, թե ինչպես ապահովել դրանց պատասխանատու, անվտանգ ու ներառական զարգացումը»։
Նրա ձևակերպմամբ՝ արդեն 11 տարի է, ինչ ArmIGF-ը ծառայում է որպես բազմաշահառու երկխոսության հարթակ՝ հնարավորություն տալով տարբեր ոլորտների ներկայացուցիչներին ներկայացնել տեսակետները, կիսվել փորձով, միասին ձևավորել Հայաստանի ինտերնետային միջավայրի ձևավորման օրակարգը։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանի խոսքով՝ ինտերնետը դարձել է մեր երկրորդ կյանքը, որոշ դեպքերում՝ նույնիսկ առաջին կյանքը։ «Մեր կյանքը կամաց-կամաց տեղափոխվում է ինտերնետ, բազմաթիվ հարցեր են լուծվում ինտերնետում, և ինտերնետի արդիականությունն ու առաջընթացը շատ մեծ նշանակություն ունեն բոլորիս համար, այդ պատճառով ԱԲ-ն մեզ թույլ է տալիս նոր հաջողությունների հասնել։ Գիտեք՝ ՄԱԿ-ը որոշում է ընդունել, որ ամեն տարի պետք է անցկացնի համաշխարհային ինտերնետ կառավարման համաժողովը, և ամեն երկիր էլ պետք է անցկացնի իր ազգային ինտերնետ կառավարման համաժողովը, ինչը հաճելի է լսել։ Բայց մենք շատ վաղուց՝ անցկացնում ենք արդեն 11-րդ համաժողովը և վաղուց կարևորում ենք այս միջոցառումն ու դրա եզրակացությունները»,- ի թիվս այլնի՝ ասաց Մկրտումյանը։
Հավելենք, որ համաժողովը, «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի նախաձեռնությամբ, կազմակերպել են «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ները։Իսկ ArmIGF-ը բազմաշահառու երկխոսության հարթակ է, որտեղ տարբեր ոլորտների ներկայացուցիչները ներկայացնում են իրենց տեսակետները, քննարկում առկա մարտահրավերներն ու առաջարկում հնարավոր լուծումներ։
Քննարկվող թեմաներն են՝ Հայաստանի ԱԲ ապագան․ նորարարությունից և ենթակառուցվածքներից դեպի պատասխանատու կառավարում, կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներ․ կիբեռանվտանգությունից մինչև ազգային դիմակայունություն, միասնական թվային Հայաստան․ տարածաշրջանային կապակցվածություն, թվային հանրային ենթակառուցվածք և հավասար հասանելիություն, և բազմաշահառու կառավարում՝ արհեստական բանականությունը, տվյալների պաշտպանությունը և թվային վստահությունը։ Այլ մանրամասներ՝ համաժողովի armigf.am կայքում։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: