Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թթ. ծրագիրը

Փաստաթուղթը ստորագրվել է նոյեմբերի 4-ին Լոնդոնում կայացած հայ-բրիտանական երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների արդյունքում


ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը։


Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, փաստաթուղթը ստորագրվել է նոյեմբերի 4-ին Լոնդոնում կայացած հայ-բրիտանական երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների արդյունքում։


Ծրագիրը ստորագրել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության ու միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՄԹ պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Քրիս Քին։


Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության, ինչպես նաև պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր։


Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին։


Կողմերն արձանագրել են մի շարք նոր ոլորտներում համագործակցության մեծ ներուժը և այն իրացնելու պատրաստակամությունը՝ ձեռք բերելով համապատասխան պայմանավորվածություններ։


Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ պաշտպանական խորհրդակցություններն անցկացնել Երևանում։


Leave a comment