ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի հերքել է տեղեկություններն այն մասին, թե մտադիր է լքել Դոնալդ Թրամփի վարչակազմը՝ Հանրապետական կուսակցության՝ միջանկյալ ընտրություններում կրած պարտություններից հետո իր հետագա քայլերը կշռադատելու ֆոնին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը, փոխանցում է France 24-ը։
Լրատվամիջոցին տված հարցազրույցում Ռուբիոն հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում մինչև նրա պաշտոնավարման ավարտը աշխատելը «միշտ եղել է իր ծրագրերի մեջ»։
Ռուբիոն, որը միաժամանակ զբաղեցնում է նաև Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, լայնորեն դիտարկվում է որպես 2028 թվականի նախագահական ընտրություններում Թրամփի հնարավոր իրավահաջորդ։
Երեքշաբթի օրը կայացած միջանկյալ ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ նա անսովոր կերպով միացել էր ԱՄՆ նախագահին նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ կարճ ելույթ ունենալով հանրահավաքի բեմից՝ ոգևորված բազմության առջև։
Այնուամենայնիվ, Ռուբիոն հրաժարվել է պատասխանել իր քաղաքական ապագայի վերաբերյալ հարցերին՝ հայտարարելով. «Ես այլևս ընդհանրապես չեմ խոսի 2028 թվականի մասին»։
Անդրադառնալով Թրամփի վարչակազմից հեռանալու մասին տեղեկություններին՝ նա The New York Times-ին ասել է. «Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե որտեղից են հայտնվում նման լուրերը»։
Ավելի վաղ Bloomberg News-ը հայտնել էր, որ Մարկո Ռուբիոն դիտարկում է Թրամփի վարչակազմից հեռանալու հնարավորությունը։ Հրապարակման համաձայն՝ Ռուբիոն Սպիտակ տան պաշտոնյաների հետ քննարկել է պաշտոնից հեռանալու հարցը, սակայն նրան խնդրել են մնալ։
Պետքարտուղարությունը կտրուկ արձագանքել է Ռուբիոյի հնարավոր հեռանալու մասին տեղեկություններին։ ԱՄՆ պետքարտուղարության գլոբալ հանրային կապերի հարցերով պետքարտուղարի օգնական Դիլան Ջոնսոնը Bloomberg-ի հոդվածն անվանել է «ամբողջությամբ հորինված»։
Նա նաև The Independent-ի այն հրապարակումը, թե Ռուբիոն պատրաստվում է պայքարել 2028 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու դառնալու համար, որակել է որպես «բացարձակապես անհիմն կեղծ լուր»։
Ավելի վաղ Ռուբիոն հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու դեպքում կաջակցի փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։
Վենսը նույնպես դիտարկվում է որպես 2028 թվականի նախագահական ընտրություններում հնարավոր թեկնածու։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի