Համացանցում մեծ աղմուկ է բարձրացել` Երևանի սուպերմարկետներում և առևտրի կրպակներում «Ջերմուկ» գազավորված ըմպելիքն այլևս հասանելի չէ։
Սոցիալական ցանցերի մեկնաբանություններում քաղաքացիներն իրենց մտահոգությունն են հայտնում՝ փորձելով հասկանալ, թե ինչու է առողջարար համարվող ըմպելիքը բացակայում վաճառքի կետերից։
Քննարկումների ընթացքում նաև չհաստատված տեղեկություններ են տարածվում, թե իբր «Ջերմուկ»-ում մկնդեղ է հայտնաբերվել։ Մեկ այլ օգտատեր գրել է. «Ես միշտ Ջերմուկ եմ առնում, ու երկար ժամանակ է՝ չկա։ Աշխատողն ասաց՝ էլ չեն ստանալու։ Ոմանք ասում են՝ կապված է Ամուլսարի շահագործման հետ, ոմանք էլ՝ թե գործարանը տեղափոխում են»։
«Ջերմուկ Գրուպ» ընկերությունից MediaHub-ին փոխանցեցին, որ տարածվող լուրերն իրականության հետ որևէ կապ չունեն։
«Վերջին երեք շաբաթվա ընթացքում սահմանափակել ենք «Ջերմուկ»-ի արտադրությունը, քանի որ գործարանը վերազինվում է նոր սարքավորումներով։ Այս պահին իրականացվում են սարքավորումների տեղադրման աշխատանքները, որից հետո գործարանը կշարունակի արտադրել նախկին ծավալներով։ Խոսակցությունները, թե «Ջերմուկ»-ի արտադրության սահմանափակումը կապված է Ամուլսարի շահագործման հետ, բացառվում են»,- MediaHub-ին հայտնեցին են ընկերությունից։
Հիշեցնենք, որ 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության տեսչական մարմինը («Ռոսպոտրեբնադզոր») հայտարարեց շուկայից «Ջերմուկ» հանքային ջրի որոշակի խմբաքանակների հետկանչի և վաճառքի կասեցման մասին: Այդ ժամանակ հայտարարվում էր որակի և մակնշման հետ կապված հնարավոր շեղումների մասին, ինչը խնդիրներ ստեղծեց նաև ռուսական խոշոր առցանց հարթակներում (Wildberries, Ozon) ջրի վաճառքի համար:
Հունան Թադևոսյան