Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

06.11.2026 | 12:05

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում հայտարարեց, որ Թուրքիայի հետ նախկին Խորհրդային Միության սահմանները դե յուրե ուժի մեջ են, և տարածքային ամբողջականության չճանաչման օբյեկտիվ խնդիր գոյություն չունի։ Վարչապետը համոզմունք հայտնեց, որ առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն։

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի դե յուրե կարգավիճակի վերաբերյալ հարցին՝ Փաշինյանն ասաց․ «Նախկին Խորհրդային Միության սահմանները դե յուրե ուժի մեջ են Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի հետ։ Այսինքն՝ տարածքի չճանաչելու խնդիր չկա, նման հարց չկա»։

Վարչապետը հավելեց․ «Իհարկե, Հայաստանը և Թուրքիան դեռևս դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել, բայց ես համոզված եմ, որ առաջիկայում այդ հարաբերությունները կհաստատվեն՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները»։

Փաշինյանն ընդգծեց, որ որևէ օբյեկտիվ փաստ չկա, որը կվկայի Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու խնդրի առկայության մասին։

Անդրադառնալով սահմանամերձ Խոր Վիրապի հատվածին և պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքին՝ վարչապետը տեղեկացրեց այնտեղ իրականացվող ծրագրի մասին։

«Այնտեղ մենք ծրագիր ենք իրականացնում. գիտեք, որ այդտեղ գտնվում է մեր պատմական Արտաշատ մայրաքաղաքը, որը Արտաշես արքան է հիմնադրել… Իմ հանձնարարությամբ հիմա այնտեղ ծրագիր է իրականացվում, որպեսզի Արտաշատ հնավայրը, ամբողջությամբ մայրաքաղաքի ավերակների տարածքը, հասանելի լինի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment