Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկման գործընթացը։ Նախարարի խոսքով՝ մինչև 2031 թվականը նախատեսվում է Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկել ևս 5 հուշարձան կամ հուշարձանախումբ։
Ներկայում գործնական աշխատանքներ են իրականացվում պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի մարզի ժայռափոր բնակավայրերի հայտերի մշակման ուղղությամբ, իսկ առաջիկայում նախատեսվում է առաջադրել նաև հայկական ամրոցներից մեկը։ Անդրադառնալով արդեն արձանագրված արդյունքներին՝ Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է «Արենի-1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունը Արփա գետի կիրճում» հայտը, ինչպես նաև Իրանի հետ համատեղ ներկայացված՝ անձրևի և ջրի հետ կապված ավանդույթներին վերաբերող հայտը, որը միջազգային հարթակում հանրահռչակելու լրացուցիչ հնարավորություն է տալիս։