Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը հետաձգվեց՝ տուժող ճանաչված և կարգալույծ հռչակված Արման Սարոյանի (նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյան) և հանրային մեղադրողների բացակայության պատճառով։
Բարձրաստիճան հոգևորականների պաշտպան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում այս քայլը որակեց որպես «գործընթացը միտումնավոր ձգձգելու և սաբոտաժի ենթարկելու փորձ»։
Նրա խոսքով՝ Վեհափառ Հայրապետին և եպիսկոպոսներին մեղադրանք է առաջադրվել իրենց կանոնական լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար, ինչը որևէ աղերս չունի դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հետ։
Փաստաբանը հիշեցրեց, որ քաղաքացիական գործով, որով հայցի ապահովման միջոց էր կիրառվել և արգելվել էր խոչընդոտել Արման Սարոյանի պաշտոնավարմանը, վարույթն արդեն կարճվել է։ Դատարանն արձանագրել է, որ աշխարհիկ դատարանը չի կարող ստուգման ենթարկել զուտ ներեկեղեցական և կանոնական հարցերը։
«Ի սկզբանե գործընթացն ապօրինի և անհիմն է եղել։ Այսօր անհիմն գործընթացի շրջանակներում մեղադրում են Ամենայն Հայոց Հայրապետին և բարձրաստիճան հոգևորականներին։ Իսկ եպիսկոպոսներին մեղադրում են ընդամենը նրա համար, որ որպես Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ առաջարկել են կարգալույծ հռչակել նրան»,- նշեց Զոհրաբյանը։
Պաշտպանը հատուկ ընդգծեց, որ քրեական հետապնդման և կիրառված սահմանափակումների հետևանքով Կաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն կարողանում մեկնել Հայաստանից և իրականացնել իրենց հովվական առաքելությունը սփյուռքի թեմերում։ Նրա համոզմամբ՝ դատավարության անհիմն ձգձգումը նպատակ ունի երկարաձգելու այս ճնշումներն ու անհարմարությունները՝ խոչընդոտելով եկեղեցու բնականոն աշխատանքը։
Անդրադառնալով այն փաստին, որ կարգալույծ հռչակված Արման Սարոյանը դեռևս շարունակում է մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդարանում՝ Զոհրաբյանը նշեց. «Նա այս պահի դրությամբ այնտեղ է։ Որքան էլ ձգձգեն այս գործընթացը, ի վերջո, գալու է այն օրը, երբ Հայ Առաքելական Եկեղեցին կոնկրետ քաղաքացիաիրավական պահանջներ է ներկայացնելու ապօրինի կերպով առաջնորդարանն ու մյուս եկեղեցիները զավթելու, ինչպես նաև ֆինանսական միջոցներն ապօրինի կառավարելու և վատնելու համար։ Որքան ձգեն, այնքան վնասի և մեր պահանջի չափը մեծանալու է»։
Խոսելով մեղադրողների չներկայանալու մասին՝ փաստաբանը նշեց, որ ըստ դատական նիստերի քարտուղարի փոխանցած տեղեկության՝ պատճառաբանվել է, թե դատախազներից մեկը գործուղման մեջ է, մյուսը՝ այլ նիստի։ Սակայն գործում ներգրավված են 3-4 դատախազներ, և նրանցից ոչ մեկի չներկայանալը չունի ողջամիտ արդարացում։
«Չի կարող ամբողջ մի մեծ դատախազություն նման կարևոր հարցով զբաղված չլինել և որևէ մեկին չուղարկել։ Սա ուղղակիորեն խոսում է գործընթացը սաբոտաժի ենթարկելու մասին»,— եզրափակեց Զոհրաբյանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին՝ Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից 3 օր առաջ բարձրաստիճան հոգևորականներին մեղադրանք առաջադրվեց և Հայաստանից նրանց ելքն արգելվեց։ Ըստ մեղադրանքի՝ նրանք խոչընդոտել են Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը։ Սարոյանն իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու որոշումը վիճարկել էր դատարանում՝ միաժամանակ ներկայացնելով նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն, որով խնդրել է մինչև վերջնական դատական ակտ կայացնելը իրեն վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը։ Հոգևորականը, սակայն, ոչ միայն չէր վերականգնվել պաշտոնում, այլև կարգալույծ էր հռչակվել, իսկ Գարեգին Բ-ի որոշմամբ թեմի առաջնորդ էր նշանակվել մեկ այլ հոգևորական։ Ամբողջ մեղադրանքը կառուցված է հենց այս միջադեպի շուրջ։
Շաբաթներ առաջ դատարանը որոշում կայացրեց կարճել Սարոյանի կողմից ներկայացված հայցը, պատճառաբանելով՝ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության, իսկ Սարոյանի և Եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ։ Նախկին հոգևորականն արդեն հայտարարել է, որ որոշումը բողոքարկելու է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան