Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է գործել․ 3 անձ ձերբակալվել է (PAN.am)

Հովտաշատ գյուղում իրավապահները հայտնաբերել են առանց համապատասխան թույլտվության գործող ձկնաբուծարան։ Դեպքի առնչությամբ 3 անձ է ձերբակալվել:

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, համաձայն որոնց՝ Հովտաշատի բնակիչ անհատ ձեռնարկատերերից մեկը ձկնաբուծական գործունեություն է իրականացրել՝ չունենալով ջրօգտագործման համար անհրաժեշտ թույլտվություն։

Ստացված տեղեկությունների ստուգմամբ իրավապահները պարզել են, որ 44-ամյա տղամարդը խախտել է ոչ միայն ջրօգտագործման, այլև հողային օրենսդրության պահանջները։ Մասնավորապես, ձեռնարկատերը չի փոխել հողամասի նպատակային նշանակությունը և ձկնաբուծարանը շահագործել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքում։

Նոյեմբերի 2-ին համայնքային ոստիկանության ծառայողները ձերբակալել և ոստիկանության բաժին են տեղափոխել 44-ամյա ձեռնարկատիրոջն ու նրա երկու համագյուղացիներին։

Իրավապահները կնիքել են ձկնաբուծարանը, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկել Մասիսի քննչական բաժին։ Այնտեղ դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել։

Հաղորդվում է նաև, որ պատճառված վնասը մասնակիորեն վերականգնվել է։ Գործով նախաքննությունը շարունակվում է։

Leave a comment