Հայաստանում ընդդիմադիր ուժերի համատեղ ձեւաչափի մասին հայտարարությունը՝ հռչակված չորս նպատակների եւ դրանց ուղղությամբ պայքարի ջանքերը միավորելու վերաբերյալ, բնականաբար արժանացել է մեծ ուշադրության, հաշվի առնելով Հայաստանում եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Այդուհանդերձ, պետք է նկատել, որ դեռեւս ըստ էության տեղի չի ունեցել ոչինչ։ Սա ամենեւին ավելորդ կամ անհարկի հոռետեսություն չէ, ինչը նաեւ չի լինի օգտակար։ Պարզապես, ավելորդ եւ անհարկի լավատեսությունն էլ իր օգտակարությամբ, մեղմ ասած, չի կարող լինել ավելին, եթե չասեմ, որ կարող է լինել էապես վնասակար։ Հայաստանն առաջին անգամ չէ, որ տեսնում է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա։ Եվ առաջին անգամ չէ, որ շրջանառվում են քննարկումներ, մոտավորապես այսպիսի՝ «կոնսենսուս՝ մինուս մեկ» տրամաբանությամբ, երբ «մինուս մեկը» միշտ դիտվում է իշխանությունը։ Այդպիսի դրվագներ եղել են նաեւ 2018-ից առաջ։
Ըստ այդմ, ընդդիմադիր ջանքերի մեկտեղումը կարեւոր, բայց ամենեւին ոչ բավարար պայման է, ինչպես ասում են այդպիսի դեպքերում։ Շատ էական է, թե ջանքերի մեկտեղումը ինչով եւ ինչպես է տարբերվելու նախկին՝ ապարդյուն միավորումներից։ Իսկ այստեղ թերեւս չափազանց կարեւոր է, որ դրանք գործեն կամ առաջնորդվեն ոչ թե «կոնսենսուս մինուս մեկ», այլ՝ «կոնսենսուս պլյուս մեկ» սկզբունքով։ Եվ այս դեպքում այդ մեկը ոչ թե իշխանությունն է, այլ հանրությունը։ Հանրությունը պետք է լինի պրոցեսի ոչ թե սպառող՝ սպասելով, թե ինչ կոչեր կամ հորդորներ կհնչեն ընդդիմադիր «շտաբից», այլ մասնակից՝ արժանանալով բովանդակային եւ բազմապրոֆիլ առաջարկների, հանրային համակեցության արժեհամակարգային ճարտարապետությունից մինչեւ պետական խնդիրների լուծումների փուլային կամ փաթեթային տարբերակներ։
Հանրությանը պետք է առաջարկվի համակեցության «զուգահեռ» հարթություն։ Քաղաքակրթական, ոչ թե լոկ հասարակական–քաղաքական հարթություն։ Այդ պարագայում, ջանքերի վիճակագրական համատեղումը կստանա որակապես նոր արդյունք ու հեռանկար, քան եղել է Հայաստանում մինչ այդ։ Այստեղ բոլորովին լոկ փոփոխության համար պայքարի անկեղծության հարց չէ, այլ քաղաքական աշխատանքի մեթոդաբանության փոփոխության հարց։ Ընդ որում՝ մի բան, որն ըստ էության նույնիսկ ունի իր «պիլոտային» հաջողությունը՝ խորհրդարանի ընտրության արդյունքի տեսքով, որը գործող իշխանությանը ներկայումս դրել է կոնկրետ փաստի առաջ։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: