Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հույս է հայտնել, որ իր մասնակցությամբ Ռուսաստանի կողմից օկուպացված Օլեշկի քաղաքում ձեռք բերված վեցօրյա հրադադարը կհանգեցնի «ավելի կայուն խաղաղության»։ Այս մասին նա հայտարարել է նոյեմբերի 5-ին Սպիտակ տանը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ,  գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Հուսով եմ, որ Օլեշկիի փորձը խթան կհանդիսանա ավելի կայուն խաղաղության հասնելու համար։ Ցանկացած նշանակալի փոփոխություն սկսվում է փոքրիկ կայծից», – AFP գործակալությունը մեջբերում է Մելանյա Թրամփի խոսքերը։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները «կարող են ստեղծել ավելի երկարատև մի բան, քան պարզապես ժամանակավոր հրադադարը»։

Մելանյա Թրամփն առանձին ընդգծել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի դերը՝ նշելով, որ առանց նրանց «Օլեշկիում հրադադարն անհնար կլիներ»։

«Նրանց համագործակցությունը կարևոր նախադեպ է ստեղծում տարածաշրջանում խաղաղության առաջմղման համար»,-ասել է ԱՄՆ առաջին տիկինը։ Նա հավելել է, որ երկու առաջնորդներին անձնական նամակներ է գրել, որոնք կփոխանցի երկու երկրների ներկայացուցիչների միջոցով։

Սպիտակ տանը ԱՄՆ առաջին տիկնոջ հետ հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի և Ուկրաինայի երկուական ներկայացուցիչներ։ Ռուսաստանը ներկայացրել են երկրի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան և նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Կիևից հանդիպմանը մասնակցել են Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը և «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։

Լուբինեցը ԱՄՆ առաջին տիկնոջը փոխանցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝  նրան շնորհած Իշխանուհի Օլգայի  առաջին աստիճանի շքանշանը, իսկ Դմիտրիևը նրան է հանձնել Օլեշկիից մի աղջկա նկարը՝ ապակու տակ շրջանակի մեջ տեղադրված։

Օլեշկիում և քաղաքին հարակից շրջաններում հրադադարը սկսվել էր հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան և ավարտվել նոյեմբերի 1-ի ուշ երեկոյան։ Այն ձեռք է բերվել կողմերի միջև պայմանավորվածությունների արդյունքում՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մասնակցությամբ, որին Մոսկվան և Կիևը համարում են հրադադարի կազմակերպման գործում առանցքային միջնորդ։

ԱՄՆ առաջին տիկնոջ խոսքով՝ քաղաքից տարհանվել է գրեթե 800 մարդ, որոնք ցանկացել են լքել առաջնագծի մոտ գտնվող քաղաքը և մեկնել Ռուսաստան կամ Ուկրաինա։ Իսկ Օլեշկիում մնալ ցանկացող բնակիչների համար հասցվել է մարդասիրական օգնություն։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment