Փաշինյանի այս անարդյունավետ քայլը և նրա ենթարկվածությունը Հայաստանի քաղաքականապես հասուն, չափավոր և ազնիվ ժողովրդի նսեմացման պատճառ կդառնան. Ալի Աքբար Վելայաթի

ԻԻՀ-ի առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական դոկտոր Վելայաթիի 05.11.2026 հոդվածը Իրանի «Էթելաաթ» օրաթերթում (թարգմանություն պարսկերենից՝ համառոտ).

ԻԻՀ-ի երբեմնի արտգործնախարար պրն Վելայաթիի հոդվածը բաղկացած է 25 թվարկված պարբերությունից։ Վերնագիրն է՝ «Հստակ և մտերմիկ զրույց պրն վարչապետի հետ»։

 

1.Իմ տեղեկություններով՝ հայ-իրանական երկարամյա պատմության ընթացքում՝ անցնող երկու հազար տարվա մեջ, Պարթևներից մինչ այժմ նման շեղում (դիսոնանս) չի եղել։

2.Ես՝ որպես արտգործնախարար, այցելել եմ Հայաստան, եղել եմ Էջմիածին կրոնական քաղաքում, հանդիպել եմ հայ մեծամեծների, եպիսկոպոսների և քահանաների։

3.Այնտեղ երկու եկեղեցի այցելեցի. մեկը հայ կրոնականների կենտրոնն էր, և ես նրանց հանդիպեցի, իսկ մյուսը կառուցել էր Մեծն Շահ Աբասը, որը շատ գեղեցիկ էր (կարծում եմ՝ պրն Վելայաթին ակնարկում է Էջմիածնի Մայր տաճարի վերին պատի վրա քանդակած Շահ Աբասի նկարին – ՏԴ)։

4.Ուսանող ժամանակ էլ ճամփորդել եմ Սպահան քաղաք և Նոր Ջուղա ավանում տեսել եմ «Վանք» եկեղեցին (Սուրբ Ամենափրկիչ վանք – ՏԴ), որը Սեֆևյան Շահ Աբասը կառուցել է հայերի համար։

5.Երկու երկրների հարաբերություններն ուսումնասիրելիս ոչ մի սև բիծ չեմ նշմարել։

6.Իրանի և Ռուսաստանի երկրորդ պատերազմի ժամանակ, որն ավարտվեց Թուրքմենչայի պայմանագրով, Հայաստանը պոկվեց Իրանից և միացավ Ռուսաստանին։

7.Իրանն այդ դեպքերից հետո երբեք չի վնասել այս երկրի անկախությանն ու ժողովրդին. Հայաստանի և ԻԻՀ-ի հարաբերությունները միշտ բարեկամական են եղել։

8.Ես ծանոթ եմ հայ քաղաքական կուսակցություններին և նրանց որոշ ղեկավարների հետ հանդիպել եմ։ Իրանի հայ փոքրամասնությունը հեղափոխությունից առաջ և հետո միշտ հարգված է եղել. նրանք Իսլամական խորհրդարանում երկու պատգամավոր ունեն։

9.Խորհրդային Միության փլուզումից և 15 հանրապետությունների անկախացումից հետո ԻԻՀ-ի հարաբերությունները նրանց բոլորի հետ ևս եղել են նորմալ և բարեկամական. մի՞թե նրանց կողմից ոչ բարյացակամ վերաբերմունք եղած լինի։

10.2018 թվականի խռովությունների ժամանակ, որը, իբր, թավշյա (կամ գունավոր) հեղափոխություն է կոչվում, Նիկոլ Փաշինյանը ջանք չխնայեց, որպեսզի Ղրղզստանի և Վրաստանի օրինակով տապալի Հայաստանի ռուսամետ իշխանություններին։

11.Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության վնասակար աշխատանքի հետևանքով Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև թշնամանքը սաստկացավ և հիմա առավել քան երբևէ սրվել է։

12.Բայց պրն Փաշինյանը վերջերս քայլերի է դիմել, որոնք Հայաստանի համար պառակտում և դժվարություններ են բերել։

13.Հայաստանի ժողովրդի շահերին հակասող և վնասակար այդ քայլերը կարելի է ամփոփել հետևյալ կերպ. արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Անգլիայի ենթակայության խորացում՝ լիբերալ-ժողովրդավարության օրինակով, որոնք ոչ իրական լիբերալ են և ոչ էլ իրական ժողովրդավար։

14.Փաշինյանի այս վարքագիծը, գումարած նրա բարդ անցյալը, Հարավային Կովկասում լարվածության և թշնամանքի նոր դուռ է բացում։

15.Նա անցնող ութ տարվա ընթացքում գաղտնի կամ բացահայտ բանակցություններ է վարել այն բոլոր ուժերի հետ, որոնք տարածաշրջանի անվտանգության պահպանման հավակնորդ են եղել և շահ ունեն։

16.Հիմա նրա հարաբերությունները Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի, հետագայում թերևս նաև Վրաստանի հետ, երերուն են և անկանխատեսելի։

17.Նրա վերջին քայլը հազարադեմ Թրամփի հիմնազուրկ առաջարկի վավերացումն է, որով Զանգեզուրի միջանցքի անունն էլ փոխել են Թրամփով կամ ԹՐԻՓՓ-ով։

18.Ես երկու առանձին հանդիպում եմ ունեցել ՀՀ արտգործնախարարի տեղակալի և Իրանում ՀՀ դեսպանի հետ և հարցերը հստակ կերպով ներկայացրել եմ։

19.Այդ հարցերից էր Ուկրաինայում Ռուսաստանի դժվարությունների մասին, և զգուշացրեցի, որ Հայաստանը սխալ հաշվարկներ չանի՝ մտածելով, որ Ռուսաստանը Ուկրաինայի պատճառով Հարավային Կովկասի անվտանգությանը քիչ ուշադրություն է դարձնում։

20.Ես մի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցի, որ Իրանը Ռուսաստանի հետ կամ միայնակ իրեն Հարավային Կովկասի անվտանգության պատասխանատուն է համարում։ Կովկասից մինչև Դաղստանի Դերբենդը, սկսած Մեծն Կյուրոսից մինչ այժմ, եղել է Իրանի անվտանգության գոտին։

21.1400 թ. ամռանը (2021 թ.), երբ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները Թեհրանում էին և հանդիպեցին մեր նահատակ Իմամ Խամենեիի հետ, ես պատիվ ունեի հանգուցյալ առաջնորդի կողքին լինելու։ Մեծ առաջնորդը շեշտեց, որ մենք Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը դեմ ենք։ Մեր նահատակ Իմամը գծել է մեր ներքին ու արտաքին քաղաքականության ռազմավարությունը, և դա մեր կարմիր գիծն է։

22.Այս երկու հանդիպումներից հետո մեր զինված ուժերը հզոր զորավարժություն կատարեցին, և մեր գլխավոր շտաբի նահատակ հրամանատարը ևս այցելեց զորավարժության գոտի, որպեսզի մեր ուժն ու կամքը ցուցադրի։

23.Ես վերջին խոսքը շատ պարզ կերպով ասացի Հայաստանի դեսպանին. եթե Թրամփն ու իր զինակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը, մենք նրանց ոտքը կջարդենք։

24.Նախորդ շաբաթ Հայաստանի խորհրդարանում այդ միջանցքի կառուցումը վավերացրել են. այս քայլի նպատակն ի՞նչ է։

25.Նիկոլ Փաշինյանի այս անարդյունավետ քայլը և նրա ենթարկվածությունը Հայաստանի քաղաքականապես հասուն, չափավոր և ազնիվ ժողովրդի նսեմացման պատճառ կդառնան։

 

Հավելեմ, որ «Էթելաաթ» օրաթերթը երկրի ամենատարածված թերթերից է և ենթարկվում է երկրի առաջնորդի գրասենյակին, իսկ Վելայաթիի հոդվածը հրապարակվել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփի կուսակցության պարտությունից մեկ օր հետո։

 

Տիգրան Դավուդյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment