Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 7-ն անցկացվում է պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը, որին մասնակցում են 66 երկրների մարզիկներ։ Հայաստանից առաջնությանը մասնակցում են Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի վեց մարզիկ, ինչպես նաև երկու մարզիչ։
Հայաստանի մարզիկները մրցել են տարբեր երկրների ուժեղագույն ներկայացուցիչների հետ և գրանցել հետևյալ արդյունքները․
Մինչև 80 կգ քաշային կարգում, նստած սպորտային դասակարգմամբ, Սարգիս Ստեփանյանը ձախ ձեռքով նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով աշխարհի չեմպիոն։ Սա նրա՝ աշխարհի չեմպիոնի հինգերորդ տիտղոսն էր։
Մինչև 55 կգ քաշային կարգում Սարգիս Հարությունյանն աջ ձեռքով նվաճել է ոսկե մեդալ, իսկ ձախ ձեռքով՝ բրոնզե մեդալ։
Մինչև 65 կգ քաշային կարգում Շահեն Բաբայանը ձախ և աջ ձեռքերով նվաճել է արծաթե մեդալներ։
Հավաքականի մարզումային գործընթացը և աշխարհի առաջնությանը նախապատրաստումը ղեկավարել է գլխավոր մարզիչ Գևորգ Ստեփանյանը։ Կարևոր ներդրում է ունեցել նաև ավագ մարզիչ Ոսկան Մարգարյանը՝ իր փորձով ու աջակցությամբ նպաստելով թիմի կազմակերպված աշխատանքին։
Հայաստանի պատվիրակության մասնակցությունն աշխարհի առաջնությանը հնարավոր է դարձել նաև աջակիցների և գործընկերների ներդրման շնորհիվ։ «Հայաստանի վետերաններ» հիմնադրամը հոգացել է երեք մասնակցի մասնակցության ծախսերը, «Հրայր Հովնանյան ընտանեկան հիմնադրամը» հովանավորել է չորս մասնակցի մասնակցության ծախսերը, իսկ Վահան Խորխոռունին ապահովել է Հայաստանի հավաքականի պաշտոնական համազգեստը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: