Կասեցվել է «Նոր Զովք»-ի հացաբուլկեղենի արտադրամասի աշխատանքը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը պատկանող հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը (Երևան, Քաջազնունի 8/10):

Կասեցման հիմքը սանիտարահիգիենիկ նորմերի այն խախտումներն են, որոնք հայտնաբերվել են վերահսկողության արդյունքում, մասնավորապես՝

արտադրական շինության պատերի որոշ հատվածների, անկյունների մակերևույթները վնասված են եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

առաստաղի որոշ մասեր ունեցել են վնասված հատվածներ, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,

չեն ձեռնարկվել միջոցներ բացառելու համար կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների, մուտքը արտադրական շինություն,

կոյուղու ջրահեռացման համակարգը նախագծված չէ այնպես, որ բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,

չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։

Ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրամասը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment