Դատարանը մասամբ մեղմացրեց Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցի պայմանները

«18 արդարների» գործով այսօրվա դատական նիստում Լիդիա Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը, որով նախատեսվում է, որ եթե խափանման միջոցի գործողության ընթացքում փոխվել կամ վերացել են դրա իրավաչափության պայմանները, ապա վարույթն իրականացնող մարմինը իր իրավասության սահմաններում որոշում է կայացնում խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին։

Նա նշեց. «Ըստ էության հիշում ենք Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցի պատմությունը։ Կալանքի տակ է եղել 2025 թվականի հունիսի 25-ից մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ։ Նոյեմբերի 27-ին կալանքի խափանման միջոցից անցում է կատարվել վարչական հսկողության և համակցված գրավի և բացակայելու արգելքի։ Այսինքն՝ նոյեմբերի 27-ին կլրանա ուղիղ մեկ տարին, ինչ Լիդիա Մանթաշյանը գտնվում է վարչական հսկողության ներքո, որի ընթացքում երբևէ չենք միջնորդել պայմանի փոփոխություն, չնայած որ այդ պայմանները ներկա պահի դրությամբ սույն գործով անցնող այլ մեղադրյալների հետ իրենց պայմաններով եղել են շատ ավելի խիստ ռեժիմով։ Մասնավորապես, ունեցել ենք և մինչև այս պահը ունենք ժամային հսկողություն և շաբաթական մեկ անգամ պրոբացիայի ծառայություն ներկայանալու պարտականություններ։

Այս մեկ տարվա ընթացքում չի եղել մի դեպք, որ Լիդիա Մանթաշյանը այդ պարտականությունները չկատարի։ Որևէ պարագայում չի բացակայել դատական նիստերից, պրոբացիայի ծառայություն ներկայանալուց և այլն։

Այս պարագայում հասկանում ենք, որ սարքով հսկողության տևականությունը բնականոն կյանքին խոչընդոտներ է առաջացնում։

Դատարանի աչքի առաջ է եղել Լիդիա Մանթաշյանի վարքագիծը և կարծում ենք, որ այդ վարքագիծը բավարար է գնահատման առարկա դարձնելու համար։

Չեմ ուզում նորից կրկնել, որ մեր համոզմունքն այն է, որ այս գործը քաղաքական բովանդակությամբ գործ է, մեղադրյալները ենթարկվում են դասական իմաստով քաղաքական հետապնդման, և այդ ամենը շարունակում է ուժի մեջ մնալ»։

Պաշտպանը հայտարարեց, որ առհասարակ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա և կարելի է առավելագույնը կիրառել բացակայության արգելքը, և միջնորդեց վերացնել վարչական հսկողությունը կամ դրա պայմանները էապես փոփոխել՝ վերացնել էլեկտրոնային սարքի առկայությունը և ժամային սահմանափակումները։

Լիդիա Մանթաշյանը ամբողջությամբ համաձայնեց պաշտպանի հետ և մի քանի մասնավորեցում արեց։ «Քանի որ բոլորս գիտենք, որ այստեղ ահաբեկիչ չկա, ինձ թվում է՝ ձեր համար էլ է պարզ։ Բայց եթե հաշվի առնենք, որ այստեղ բոլորս ինչ-որ քրեական գործով անցնում ենք, չեմ կարծում, որ ես ավելի մեծ վտանգ եմ ներկայացնում, քան այստեղ ներկայացված 17 տղամարդիկ, որ որևէ մեկի ոտքին հսկող սարք չկա, իսկ իմը կա, ժամային սահմանափակում չունեն, ես ունեմ, որ ես մարդաշատ վայր այցելելու իրավունք չունեմ։ Կարծում եմ՝ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն»,- ասաց նա։

Վարույթի մասնակից պաշտպանական կողմի բոլոր մասնակիցները միացան միջնորդությանը։ Մեղադրող կողմն առարկեց, սակայն կարծիք հայտնեց, որ կարելի է քննարկել վարչական հսկողության խափանման միջոցի պայմանների հնարավոր մեղմացման հարցը, օրինակ՝ առանց էլեկտրոնային սարքի կամ ժամային սահմանափակման։

Դատարանը, լսելով կողմերի կարծիքը, նշեց, որ Լիդիա Մանթաշյանը քրեական վարույթի ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, այն ռիսկերը, որոնք դատարանը արձանագրել էր դեռևս 2025 թ. նոյեմբերի 27-ին, նվազել են, բայց ոչ այն չափ, որ հիշատակված խափանման միջոցները ամբողջությամբ վերացվեն։ «Կվերացվեն զուտ խափանման միջոցի պայմանները՝ ժամային սահմանափակումները։ Դուք միայն շաբաթը մեկ անգամ կգրանցվեք համապատասխան պրոբացիայի ծառայության ստորաբաժանումում, ձեզ կարգելվի ուղղակի շփում ունենալ սույն վարույթով մասնավոր և օժանդակող մասնակիցների հետ, բացառությամբ ձեր պաշտպանների, վարչական հսկողությունը կիրառվելու է առանց էլեկտրոնային միջոցների, գրավի չափը 500 հազար դրամով կնվազեցվի և անփոփոխ կմնա բացակայելու արգելքը։ Սա դատարանի կողմից կայացված որոշումն է»,- հայտարարեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment