Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս

Քաղաքականություն

05.11.2026 | 23:32

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Վիլնյուսում քննարկել է Հայաստանի և Լիտվայի ռազմավարական գործընկերության խորացման հարցերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։

«Այցի շրջանակներում Վահան Կոստանյանը հանդիպումներ է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Կրիստուպաս Վայտեկունասի, Լիտվայի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Աստա Սկայսգիրիտեի և Սեյմասի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ռիչարդաս Դեգուտիսի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել քաղաքական երկխոսության շարունակական խորացումը՝ ընդգծելով Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի կյանքի կոչման ուղղությամբ գործնական քայլերի, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղման , այդ թվում՝ ԵՄ խորհրդում Լիտվայի առաջիկա նախագահության համատեքստում փոխգործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment