Եվրոպայի խորհուրդը համախմբել էր նոտարներին, փաստաբաններին և քաղհասարակության ներկայացուցիչներին՝ քննարկելու տեղահանված անձանց իրավական խնդիրները

Աջակցություն Հայաստանում տեղահանված անձանց իրավական խնդիրների լուծմանը

Իրավաբանական և նոտարական ծառայություններից օգտվելը կարող է առանձնահատուկ դժվարություններ առաջացնել տեղահանված անձանց համար, հատկապես կորցրած փաստաթղթերի վերականգնման, քաղաքացիության դիմումների, ժառանգության և սեփականության իրավունքների հարցերում։

Եվրոպայի խորհուրդը համախմբել էր նոտարներին, փաստաբաններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ քննարկելու այս մարտահրավերները, փոխանակելու մասնագիտական փորձը և բացահայտելու հնարավոր լուծումներ։

Քննարկումները կենտրոնացած էին մի շարք առանցքային հարցերի վրա․

Քաղաքացիության դիմումներ․ կորցրած փաստաթղթերի հետ կապված խնդիրները և համապատասխան փաստերը հաստատելու հնարավոր այլընտրանքային եղանակները,

Ժառանգության իրավունք․ թողնված շարժական գույքի ժառանգման հետ կապված իրավական խոչընդոտները և ՀՀ նոտարների իրավասության շրջանակը,

Անչափահասների սեփականության իրավունքներ․ բնակարանային ծրագրի շրջանակում երեխաների սեփականության իրավունքների պաշտպանության վերաբերյալ մտահոգությունները,

Իրավաբանական ծառայությունների հասանելիություն․ տեղահանված անձանց համար առաջացած գործնական և վարչական խոչընդոտները՝ նոտարական ծառայություններից օգտվելու և կորցրած փաստաթղթերը վերականգնելու գործընթացում։

Աշխատաժողովը հնարավորություն տվեց բացահայտելու առկա իրավական և վարչական կարգավորումների բացերը, ինչպես նաև քննարկելու այն հարցերը, որոնք հետագա ուշադրության և համապատասխան կառույցների հետ համագործակցության կարիք ունեն։ Մասնակիցներն ընդգծեցին տեղահանված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով գործնական լուծումներ գտնելու կարևորությունը։

Միջոցառումն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Հայաստանում տեղահանված բնակչության մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment