«Տարածաշրջանը ինչքան էլ եռա, ի վերջո լույս է բացվելու, և հույս ունենք, որ կոնֆլիկտները իրենց լուծումները աստիճանաբար կգտնեն». Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Խաղաղությունը և բռնությունից զերծ աշխարհը՝ միջազգային իրավունքի և միաստվածային կրոնների տեսանկյունից» խորագրով երկրորդ միջազգային գիտաժողովը։
Նոյեմբերի 5-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Խաղաղությունը և բռնությունից զերծ աշխարհը՝ միջազգային իրավունքի և միաստվածային կրոնների տեսանկյունից» խորագրով երկրորդ միջազգային գիտաժողովը։ Միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել Հայաստանի, Իրանի, Ղրղզստանի, Լիբանանի, Թուրքիայի, Ավստրալիայի և այլ երկրների անվանի գիտնականների, իրավագետների, կրոնագետների ու հոգևոր գործիչների։
Մեզ հետ զրույցում ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Պարգև Բարսեղյանը, անդրադառնալով նախաձեռնության նպատակներին, նշեց․
«Նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությանն է, առաջարկել են Թեհրանի համալսարանի հետ համատեղ կազմակերպել նմանատիպ միջոցառում։ Սա ըստ էության կոնֆերանս է՝ նվիրված աշխարհին առանց բռնության, առանց տարատեսակ պատերազմների։ Տարածաշրջանը ինչքան էլ եռա, ի վերջո լույս է բացվելու, և հույս ունենք, որ այդ կոնֆլիկտները իրենց լուծումները աստիճանաբար կգտնեն»։
Գիտաժողովի բացման արարողությանը հնչեցին կարևորագույն շեշտադրումներ միջազգային իրավունքի դերի և մարդկային կյանքի անձեռնմխելիության մասին։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը․
«Այսօրվա աշխարհում ծայրաստիճան կարևոր է անդրադառնալ խաղաղության, կայունության, բռնության կանխարգելման հարցերին բոլոր հնարավոր մակարդակներում: Միջազգային համագործակցության, միջմշակութային և միջկրոնական հաղորդակցության ապահովումն ու տարբեր մոտեցումների, ժառանգությունների ու ավանդույթների տեսանկյունից քննարկումը դառնում է բացահայտորեն կարևոր՝ բռնության արմատները, կանխարգելման ուղիները և խաղաղության հաստատման միջոցները հասկանալու համար: Եվ սա ակնհայտորեն շատ վճռորոշ է, մասնավորապես մեր տարածաշրջանի համար, որտեղ բոլոր ներքին և արտաքին կողմերը պետք է գործադրեն իրենց ջանքերը: Կայուն խաղաղություն և զարգացում հնարավոր է միայն արդյունավետ ու կառուցողական երկխոսության, դրական փոխանակման և միմյանց ճանաչելու ու հասկանալու միջոցով»։
Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին իր ելույթում անդրադարձավ միջազգային իրավունքի խախտումներին, հավասարությանն ու խաղաղ բնակչության պաշտպանության հրամայականին․
«Միջազգային իրավունքը չպետք է ճկուն լինի մեծ տերությունների նկատմամբ՝ միաժամանակ խիստ լինելով այլ երկրների նկատմամբ։ Մենք ունենք մեկ օրենք, և այդ օրենքը հավասար է բոլորի համար։ Երեխայի կյանքը Մինաբում կամ աշխարհի որևէ այլ մասում պետք է վայելի հավասար պաշտպանություն»։
«Միջազգային իրավունքի թեմատիկ նիստի» ընթացքում ուշագրավ զեկույցով հանդես եկավ ԻԻՀ ներկայացուցիչ Դր. Մոհամմադ Մեհդի Ղամամին (Dr. Mohammad Mehdi Ghamami)՝ անդրադառնալով պատերազմական հանցագործություններին և իրավական պաշտպանության մեխանիզմներին․
«Միջազգային հանցագործություններից պաշտպանության իրավական մեխանիզմները, մասնավորապես կրկնակի հարվածների (double-tap strike) մեթոդից պաշտպանությունը, առանցքային նշանակություն ունեն։ Մինաբ քաղաքի Շահրի Թայեբե դպրոցը թիրախավորվել էր երկու անգամ՝ առավոտյան դասաժամին և կրկին կեսօրին՝ ընդհանուր առմամբ 11 հրթիռով։ Սա դիտավորյալ հանցագործություն էր և երեխաների սպանություն։
Միջազգային իրավական համակարգը պետք է գործի երեք մակարդակով․ նախ՝ կանխարգելման և պաշտպանության մեխանիզմներ՝ հիմնված Ժնևի կոնվենցիաների և Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի վրա, երկրորդ՝ հետապնդում և պատիժ Միջազգային քրեական դատարանի (ICC) ու համընդհանուր իրավազորության միջոցով, քանի որ խաղաղությունը չի կարող հասանելի լինել առանց հանցագործների խիստ պատժի, և երրորդ՝ վնասների փոխհատուցման ու վերականգնման մեխանիզմներ։ Մենք բոլորս միասին պետք է պատժենք ագրեսորին և պատերազմական հանցագործներին»։
Նիստին զեկույցներ ներկայացրին նաև Հասան Զունին (Լիբանան), Բերնադետ Զայդանը (Ավստրալիա), Ահմադ Ալի Մոհսենզադեն (ԻԻՀ), Էլհամ Ամինզադեն (ԻԻՀ), Սեյիդ Ալի Ավջուն (Թուրքիա) և Գրիգոր Բալասանյանը (ՀՀ)։
Թուրքիայից ժամանած Անկարայի համալսարանի պրոֆեսոր Սեյիդ Ալի Ավջուն (Dr. Seyit Ali Avcu) մեզ հետ զրույցում անդրադարձավ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքին․
«Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները վերջին շրջանում բարելավվում են, ինչը շատ դրական է, քանի որ տարիների թշնամանքը գնում է դեպի ավարտ։ Նորմալացման այս գործընթացում արդեն իսկ փոքր, բայց կարևոր համաձայնություններ են ձեռք բերվել, օրինակ՝ վիզաների ստացման դյուրացումը։ Հույս ունեմ, որ շուտով կբացվեն նաև սահմանները։ Մենք հարևաններ ենք, ունենք ընդհանուր մշակույթ, երաժշտություն ու խոհանոց, և պետք է զարգացնենք երկխոսությունը, ակտիվացնենք ուսանողական փոխանակման ծրագրերն ու մշակութային միջոցառումները»։
Օրվա երկրորդ կեսին աշխատանքները շարունակվեցին «Միջկրոնական երկխոսության թեմատիկ նիստով» (նիստի նախագահող՝ դոկտոր Սեյեդ Զիա Հաշեմի)։ Քննարկումներին մասնակցեցին և զեկույցներով հանդես եկան Հոջաթոլեսլամ Մոհամմադ Հաջ Աբոլղասեմի Դոլաբին (ԻԻՀ), Վարդան Ոսկանյանը (ՀՀ), Խալիլ Շիրղոլամին (ՀՀ-ում ԻԻՀ դեսպան), Ակուն Թուրսունբեկը (Ղրղզստան), Մահմուդ Վաեզին (ԻԻՀ), Մոհամմադ Ասադի Մովահեդը (ԻԻՀ), Վարդան Խաչատրյանը (ՀՀ) և Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին։
Տեղի ունեցավ նաև նախորդ տարվա գիտաժողովի զեկույցների հիման վրա հրատարակված գիտական հոդվածների ժողովածուի շնորհանդեսը:
Արգինա Փահլևանյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: