«Դիլիջան» ազգային պարկը միացել է Եվրոպարկ ֆեդերացիայի միջազգային ցանցին։ Անդամակցության հավաստագիրը պաշտոնապես հանձնվեց հոկտեմբերի 19-ին՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) շրջանակում տեղի ունեցած՝ ՍՈԼՅՈՒՏՈՆ ընկերության նախաձեռնած մասնագիտական քննարկման ընթացքում։
«Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բարելավումը Եվրոպարկ ցանցին անդամակցության միջոցով» խորագրով միջոցառումը միավորել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Ռոբերտ Ալիխանյանին, Եվրոպարկ ֆեդերացիայի նախագահ Միխայել Հոշեկին և ՍՈԼՅՈՒՏՈՆ ընկերության հիմնադիր-տնօրեն Արեգ Կարապետյանին։
Քննարկման առանցքում Եվրոպարկ ցանցին անդամակցության ընձեռած հնարավորություններն են՝ միջազգային գործընկերների հետ կապերի զարգացում, պահպանվող տարածքների կառավարման առաջատար փորձի փոխանակում և մասնագիտական համագործակցության նոր ձևաչափերի ձևավորում։
Եվրոպարկ ֆեդերացիան միավորում է Եվրոպայի պահպանվող տարածքներն ու դրանց կառավարման ոլորտում ներգրավված կազմակերպություններին՝ նպաստելով բնության պահպանության, կայուն կառավարման և միջազգային համագործակցության զարգացմանը։
«Դիլիջան» ազգային պարկի անդամակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում եվրոպական պահպանվող տարածքների հետ անմիջական համագործակցության, գիտելիքի և փորձի փոխանակման, ինչպես նաև կառավարման կարողությունների զարգացման համար։