Նիկոլ Փաշինյանը սկսել է ալիևյան Սահմանադրության ընդունման գործընթացը՝ հայտարարելով, թե կհամոզի ընդդիմադիրներին և հաջողության կհասնի։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և մտավորականության ներկայացուցիչների հանդիպման նախաշեմին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Գոհար Մելոյանը։
«Եվ մենք հիմա տեսնում ենք այդ գործընթացը։ Սակայն իշխանությունները գործ ունեն մեր առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ, ով ավելի քան 500 օր ապօրինի գտնվել է անազատության մեջ, որի կեսը՝ կալանքի ծանր պայմաններում»,— նշել է նա։
Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանը միջամտել է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, քանի որ ի սկզբանե գիտակցում էր, որ պետությունը վտանգի տակ է։ Մելոյանը հիշեցրել է նաև մյուս երկու հիմնական քաղաքական ուժերի առաջնորդների ապօրինի կալանավորման մասին։ Նա հավելել է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են պարտադրել Սահմանադրության հանրաքվեն, քանի որ Ալիևի ճնշումն իրենց վրա ուժեղացել է։