Կրեմլը կապ չի տեսնում ռուսական դիզելով բեռնված տանկերների շարժի և ԱՄՆ-ում ընտրությունների միջև

ԱՄՆ-ի կողմից ռուսական դիզելային վառելիքի գնման իրավիճակը և, մասնավորապես, դիզելային վառելիքով բեռնված տանկերների երթուղին որևէ կապ չունեն Միացյալ Նահանգներում ընթացող ընտրական գործընթացների հետ։ Այս մասին հայտարարել են Կրեմլում։

«Այստեղ ընտրությունների հետ որևէ կապ տեսնել պետք չէ, դա միանշանակ է», – լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այսպես նա մեկնաբանել է Financial Times-ի հրապարակումը, ըստ որի՝ ռուսական դիզելային վառելիքով բեռնված և դեպի ամերիկյան նավահանգիստներ ուղևորվող երեք տանկերներից երկուսը փոխել են իրենց երթուղին և նշանակման վայրը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք տանկերների երթուղու և վերջնական ժամանման վայրի փոփոխությունը նշանակում է, որ ԱՄՆ-ի հետ գործարքը տապալվել է, Պեսկովը կրկին ընդգծել է.

«Մենք չենք կարող ձեզ հետ քննարկել առևտրային գործարքների մանրամասները, դրանք չեն կարող հրապարակային դառնալ»։

Leave a comment