«18 արդարների գործով» այսօրվա դատական նիստին չէր ներկայացրել Վահագն Չախալյանի երեք պաշտպաններից ոչ մեկը։ Չախալյանը դատարանին տեղեկացրեց, թե ինչ պատճառով են բացակայում երկուսը, սակայն նշեց, որ երրորդ պաշտպանի հետ կապ հաստատվել չի կարողացել։ Չախալյանը նաեւ հրաժարվեց այսօրվա նիստում մյուս մեղադրյալների պաշտպաններից որեւէ մեկի՝ իր պաշտպանությունը ապահովելու՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի առաջարկից։
Դատավորը նշեց, որ քանի որ այսօրվա դատական նիստում երկու խափանման միջոցի հարցի հրատապ քննարկում ունեն՝ «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանի, որի խափանման միջոցի ժամկետը լրանում է նոյեմբերի 8-ին, ինչպես նաեւ Լիդիա Մանթաշյանի մասով, որի պաշտպանը միջնորդել է խափանման միջոցը փոխել, որոնք վերաբերելի չեն Վահագն Չախալյանին, առաջարկեց նախ քննարկել այդ հրատապ հարցերը, ապա անցնել Վահագն Չախալյանի պաշտպանների բացակայության հարցի պարզաբանմանը։
Բագրատ Սրբազանը դատավոր Ֆարխոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ են քննարկելու, որ Վահագնի պաշտպաններին վերաբերելու է։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը պարզաբանեց, որ բացի երկու մեղադրյալների վերաբերյալ խափանման միջոցից, հիմնական դատալսումներով գրավոր ապացույցների հետազոտումն են շարունակելու։ Եվ եթե որեւէ մեղադրյալ պաշտպանով ապահովված չէ, հրատապ հարցը կարող է քննության առարկա դարձվել, քննարկվել, իսկ հիմնական դատալսումներով դատական նիստը չի կարող ապացույցների հետազոտման մասով շարունակվել, քանի որ դա օրենսդրության, քրեական դատավարության պահանջն է»։
Մեղադրող եւ պաշտպանական կողմերը առարկություն չհայտնեցին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: