«ԵԱՏՄ-ում ՀՀ-ի գտնվելը, թերևս շատ ավելի ձեռնտու է առաջին հերթին ՌԴ-ին»․ Էդուարդ Աղաջանյան

«Ձեր խոսքում նշեցիք, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ում դոնոր պետություն է։ ԵԱՏՄ և առավելապես երևի Ռուսաստանի մեր գործընկերները Հայաստանի Եվրամիության ձգտումները մեկնաբանում են հետևյալ կերպ՝ որ Հայաստանի Հանրապետությունը դա չպետք է անի Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի հաշվին։ Ընդ որում՝ մեր ընդդիմադիր գործընկերները ևս հաճախ այս խոսույթով են հանդես գալիս, ինչը տարօրինակ է։ Բայց ես քիչ առաջ փորձեցի վեր հանել 2012 թվականին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի առևտրի բալանսը և այն համեմատել 2025 թվականի նույն տվյալի հետ, 2012 թվականին տարբերությունը հօգուտ Ռուսաստանի՝ այսինքն` Ռուսաստանը ավել է արտահանել Հայաստանի Հանրապետություն 775 միլիոն դոլարի ապրանք, ի տարբերություն 2025 թվականի, որ այս տարբերությունը կրկին հօգուտ Ռուսաստանի Դաշնության կազմել է մոտ երկու միլիարդ դոլար։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է ասում, որ Հայաստանի Հանրապետությունը ինչ-որ մեկի հաշվին մնում է ԵԱՏՄ-ում և մասնավորապես Ռուսաստանի։ Ես կարծում եմ՝ այս թվերը խոսում են հակառակի մասին, որ հավանաբար ԵԱՏՄ-ում Հայաստանի Հանրապետության գտնվելը, ԵԱՏՄ շուկայում թերևս շատ ավելի ձեռնտու է առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությանը»,- խորհրդարանում, 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը (լուսանկարում)՝ դիմելով էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին։

Գեւորգ Պապոյանն արձագանքեց ամերիկացի տնտեսագետ Փոլ Կրուգմանին տեսության հիմքով․ «Ասում է՝ այս փոքր պետությունները միանում են մեծ տնտեսական միավորներին, փոքր տնտեսությունը միանում է մեծ տնտեսական միավորին, ինքը ուզած-չուզած ժամանակի ընթացքում կորցնում է իր մրցունակությունը։ Ինչո՞ւ, որովհետև կենտրոնը, ավելի խոշոր է, միշտ քաշում է դեպի իրեն գիտելիքը, արտադրողականությունը, արդյունավետությունը, գիտելիքային տնտեսությունը, այսինքն՝ նորարարությունները, նոր հմտությունները, բոլորը քաշում է իրեն, և ուզած-չուզած փոքրերը դառնում են սպասարկող ժամանակի ընթացքում մեծի։ Եվ ասում է՝ դա է պատճառը, որ երբ որ փոքր տնտեսությունը միանում է մեծ տնտեսությանը, պետք է փոքր տնտեսությունը ստանա հավելյալ արտոնություններ, քան մեծն է ստանում»։

Հավելեց՝ Եվրոպական միությունում այդպես է եղել․ «Լատվիան, Լիտվան, Էստոնիան ստանում են ավելին, քան օրինակ Գերմանիան կամ Ֆրանսիան, այդպես իրենք վճարում են նրա համար, երբ որ լատվիացի, օրինակ, երիտասարդ գիտնականը գնում է, օրինակ՝ Ֆրանսիա ու սկսում է Ֆրանսիայում աշխատել, դա տեղի է ունենում, այդպիսի բան կա, և դրա դիմաց դու պետք է տաս ավելի շատ, որպեսզի ինքը մնա Լատվիայում։ Դա եղել է նաև 90-ականներին, 2000-ականներին Հունգարիայի համար, Լեհաստանի համար։ Այսինքն՝ մինչև Լեհաստանը չի դարձել Լեհաստան…

Հայաստանի դեպքում այդպես չի եղել, երբ որ Հայաստանը միացել է ԵԱՏՄ-ին։ Մենք ստացել ենք այնքան, ինչքան մոտավորապես տվել ենք, հիմա ստանում ենք կրկնակի քիչ, քան տալիս ենք։ Հայաստանը այսօր տալիս է 450, պետք է ստանա 900։ Ենթադրում եմ՝ երկու բան կա․ կամ այն ժամանակվա բանակցողները չեն իմացել այս տեսության մասին, որի համար Կրուգմանը Նոբելյան մրցանակ է ստացել և աշխարհը ընդունում է դա, կամ միգուցե իմացել են, բարձրացրել են և դրա դիմաց ասել են, օրինակ՝ դուք էլ ստանում եք գազ, ենթադրենք, ինչ-որ արտոնյալ պայմանով գազ։ Եթե դա է՝ երկրորդն է եղել, կարող ենք դա ընդունել, բայց դա չեղավ, որ մենք գազը ստանում ենք արտոնյալ պայմանով, դա եղավ, որ մենք պիտի ստանայինք 200 դրամ, 100-ը ստանում ենք փողով, 100-ը ստանում ենք բնամթերքային ճանապարհով»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment