Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը իրատեսական է համարում Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած 2027-2028 թվականների ժամկետները։

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Ղազարյանը նշեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգանում են ավելի արագ, քան կարելի էր կանխատեսել, և առկա իրավապայմանագրային հիմքը հնարավորություն է տալիս առաջ շարժվել եվրոպական ինտեգրման գործընթացում։

Պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանը ԵՄ-ի հետ բանակցում է վիզաների ազատականացման շուրջ, օգտվում է տնտեսական գործիքակազմերից և ունի եվրոպական շուկա արտահանման հնարավորություններ։ Նրա խոսքով՝ այս զարգացումները վկայում են Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների դինամիկայի մասին։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավոր լարմանը՝ Ղազարյանը նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում արդեն իսկ խնդիրների է բախվում, և ակնկալում է դրանց դիվանագիտական հանգուցալուծումը։ Նա ընդգծեց, որ եվրոպական ինտեգրման օրակարգը Հայաստանի քաղաքացիներին արտաքին քաղաքական այլընտրանք ունենալու հնարավորություն է տալիս։

Խոսելով անդամակցության հայտի և հանրաքվեի մասին՝ պատգամավորն ասաց, որ հանրաքվեն կարող է անցկացվել այն ժամանակ, երբ հայտը պատրաստ լինի։

«Եթե հայտ չկա էս պահին, օրինակ, չեն կարող ուղղակի կազմակերպել հանրաքվե, հայտը կլինի, այդ ժամանակ՝ հանրաքվե»,- ասաց Ղազարյանը։

Պատգամավորը նաև նշեց, որ վարչապետի հայտարարությունը քաղաքական ուղերձ էր Հայաստանի քաղաքացիներին՝ արտաքին քաղաքական այլընտրանք ունենալու անհրաժեշտության մասին։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան

Leave a comment