Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, սակայն նախապատրաստվում է ԵՄ-ին հնարավոր անդամակցությանը. Փաշինյան

Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, սակայն նախապատրաստվում է այլընտրանքի ձևավորմանը, որպեսզի ժողովուրդը որոշում կայացնելու հնարավորություն ունենա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը


ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, սակայն նախապատրաստվում է այլընտրանքի ձևավորմանը, որպեսզի ժողովուրդը որոշում կայացնելու հնարավորություն ունենա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք սկսել ենք այլընտրանքի ձևավորման նախապատրաստություն, ինչպես մեր ժողովրդին խոստացել ենք, որպեսզի ժողովուրդը որոշում կայացնելու հնարավորություն ունենա։ Չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Բայց նաև գիտեք, որ ԵԱՏՄ-ի գործընկերները բարձրացնում են այդ հարցը՝ կողմնորոշվելու և հանրաքվե անցկացնելու», – նշել է Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ:

Նա հիշեցրել է, որ նախկինում հայտարարել էր այն մասին, որ տվյալ պահին հանրաքվեի առարկա գոյություն չունի այս պահին։

«Որպեսզի մենք Հայաստանի՝ Եվրամիությանը անդամագրվելու հարցով հանրաքվե անցկացնենք, առնվազն պետք է որոշակի ընթացակարգերով անցնենք։ Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով։ Ակնհայտ է ինձ համար, որ պրոցեսը տանում է դեպի դա, որ մենք, ի վերջո, 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմենք Եվրամիության լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով, մանավանդ որ ունենք գործող օրենք», – ասել է վարչապետը:


ԵՄ-ի հետ մերձեցման Հայաստանի ծրագրերի մասին


Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտի 26-ին ընդունել է Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որն ապրիլի 4-ին ստորագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Փաստաթուղթն ինքնին չի նշանակում ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտի ներկայացում։


2025 թվականի դեկտեմբերին Հայաստանն ու ԵՄ-ն հաստատել են գործընկերության նոր ռազմավարական օրակարգը, իսկ 2026 թվականի մայիսին կայացել է Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովը։


2026 թվականի օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում կարող է մեկնարկել ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը։


Հայաստանի իշխանությունները հայտարարում են ԵԱՏՄ-ին անդամակցությունը պահպանելու մտադրության մասին, քանի դեռ այն համատեղելի է Եվրամիության հետ մերձեցման հետ։


Հանրաքվեի անցկացումը կապվում է ԵՄ-ին անդամակցության հայտի ներկայացման, դրական արձագանք ստանալու և հետագա քայլերն ու ժամկետները որոշելու հետ։

Leave a comment