«Այն իրավիճակը, որը տիրում է Հայաստանում, շատ հստակ ցույց է տալիս, որ այլակարծությունը, հայրենիքի սերը, իշխանության քաղաքականության հետ չհամաձայնելը ուղիղ ճանապարհ են դեպի բանտ: Սա ոչ միայն քաղաքական հետապնդում է, այլև զավեշտի հասնող բռնապետության ձևավորում: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի դատավճռին, գործընթաց է, որի հիմքում ընկած է 180 աստիճանով հակառակ պրոցեսը, դատարանում մեղադրյալի աթոռին պետք է նստած լինեին այն մարդիկ, որոնք շինծու մեղադրանքներով ցուցմունքներ են գրել պարոն Ծառուկյանի դեմ, այն պարագայում, երբ հենց պարոն Ծառուկյանն է տուժածը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ, կուսակցության հանրային կապերի պատասխանատու Արման Աբովյանը՝ մեկնաբանելով դատարանի որոշումը:
«Ես համոզված եմ, որ այս գործը մտնելու է դասագրքերի մեջ՝ որպես մի գործ այն մասին, թե ինչպես կարելի է անմեղ և տուժած մարդուն որպես մեղադրյալ ներկայացնել: Ապօրինի որոշում է, նույնիսկ չի էլ քննարկվում… Դատի ժամանակ ուղղակի ջախջախվել են մյուս կողմի բոլոր փաստարկները… Ասեմ ավելին, հարց է ծագում՝ ինչի՞ համար են դատում Գագիկ Ծառուկյանին, տարիներ ի վեր բարեգործություն անելու համա՞ր, նրա համար, որ Գյումրիում բոլոր հղի կանանց բնակարաններ են տրամադրվել, թե՞ նրա համար, որ Արցախին միշտ սատար է եղել: Ինչի՞ համար, որ սպորտն է ոտքի հանել… Միայն տեսնեք, թե սոցցանցերում ադրբեջանցիներն ինչ հրճվանքով են այս ամենն ընդունում, ես ուղղակի ապշած եմ: 5 րոպե էլ չի անցել, բայց թշնամական սոցցանցերը ուղղակի ցնծում են: Հիմա ո՞ւմ շահերն է սպասարկում այս իշխանությունը»,- ասաց Արման Աբովյանը։
Պատասխանելով ընդդիմադիր ճակատի ստեղծման վերաբերյալ հարցին՝ նա հավելեց. «Դուք ծանոթ եք հայտարարության տեքստին, այնտեղ ոչ մի նոր բան չկա: Այն դիրքորոշումը, որ ունեն հայերը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, մշտապես հնչեցրել է ընդդիմադիր քաղաքական դաշտը, որն այսօր արտացոլում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնության կարծիքը, ամրագրված է այդ հայտարարության մեջ: Օրինակ` այն, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է ապրի թուրքի կամ ադրբեջանցու կողմից թելադրվող սահմանադրությամբ, որովհետև դա Ալիևյան սահմանադրությունն է, իսկ Ալիևի հիմնական նպատակը Արևմտյան Ադրբեջանն է և ադրբեջանցիներին այստեղ բնակեցնելը: Երբ իշխանությունը ցնցվում է ու գլուխը պատերով տալով՝ եսիմ ինչեր է խոսում, ես խորհուրդ կտամ բոլոր հարցերը՝ «Արևմտյան Ադրբեջանի» կամ ադրբեջանցիների բնակվելու վերաբերյալ, ոչ թե ընդդիմությանը ուղղի, այլ ուղղեն իր գործընկերներին՝ նույն Հիքմեթ Հաջիևին, ով հեղինակն է 300000 ադրբեջանցիների բնակեցնելու գաղափարի, կամ Իլհամ Ալիևին, որը առավոտից երեկո խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին»:
Աբովյանը նաեւ ասաց, որ ԲՀԿ-ն շարունակում է և շարունակելու է իր ակտիվ գործողությունները՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության շահերի: Նրա ձեւակերպմամբ, թեեւ Գագիկ Ծառուկյանը բանտում նստած է, սակայն նրա ուղերձներում հստակ անցնում է հետևյալ միտքը, որ Հայաստանը պետք է ի վերջո դուրս գա փոսից:
Ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: