Չինաստանը պատրաստ է խորհրդակցությունների միջոցով կարգավորել այլ երկրների հետ առևտրային տարաձայնությունները

Չինաստանը պատրաստ է խորհրդակցությունների միջոցով կարգավորել այլ երկրների հետ առևտրային տարաձայնությունները։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Պետական խորհրդի փոխվարչապետ Դին Սյուեսյանը։

«Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա կան բազմաթիվ ապրանքներ, որոնք մենք ցանկանում ենք ներմուծել, սակայն չենք կարողանում գնել կամ մեզ թույլ չեն տալիս դա անել», – հայտարարել է Դին Սյուեսյանը՝ Ներմուծման միջազգային 9-րդ ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։

Նրա խոսքով՝ մասնավորապես, որոշ բարձր տեխնոլոգիական արտադրանքի սովորական առևտուրը բախվում է խոչընդոտների և սահմանափակումների, ինչը զգալի վնասներ է պատճառում ներգրավված բոլոր կողմերին։

«Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր երկրների հետ՝ միմյանց օրինական մտահոգությունները լիարժեք հաշվի առնելու, տարաձայնությունները խորհրդակցությունների միջոցով կարգավորելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ հավասար պայմաններով երկխոսություն վարելու, ծախսերը նվազեցնելու և միջազգային առևտրի անխափան գործունեությանը նպաստելու նպատակով», – նշել է նա։

Ներմուծման միջազգային 9-րդ ցուցահանդեսն անցկացվում է Շանհայում՝ նոյեմբերի 5-10-ը։ 440 հազար քm ընդհանուր տարածքում իրենց արտադրանքն են ներկայացնում աշխարհի 162 երկրների և տարածաշրջանների 4140 ընկերություն։

Բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման սահմանափակումները միջազգային առևտրում լարվածության հիմնական գործոններից են դարձել։ Մասնավորապես, ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ արտահանման վերահսկողության միջոցներ են կիրառում որոշ տեխնոլոգիաների և սարքավորումների, այդ թվում՝ կիսահաղորդիչների արտադրության ոլորտում օգտագործվող տեխնոլոգիաների նկատմամբ։

Նման միջոցները սահմանափակում են չինական ընկերությունների հասանելիությունը արտասահմանյան մշակումներին և կարող են ազդել համաշխարհային արտադրական մատակարարման շղթաների վրա։ Իր հերթին, Պեկինը հանդես է գալիս առևտրային խոչընդոտների նվազեցման և տարաձայնությունների բանակցությունների միջոցով կարգավորման օգտին։

Leave a comment