Փաշինյան․ «Չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց գործընթացը տանում է դեպի այն, որ ի վերջո 2027-2028-ին պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով»

«Ամեն ինչ պետք է սկսվի այդ հարցի պատասխանից՝ այդ 64 միլիարդ դրամի չարաշահումը եղե՞լ է, թե՝ ոչ։ Եթե ՀՀ իրավապահ մարմինները գնացել են նման քայլի՝ իմանալով, որ լինելու են նման շահարկումներ, նշանակում է առնվազն որոշակի ծանրակշիռ հիմք ունեն այս իրավական գործընթացը սկսելու համար»,- հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացրել Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի բնակարաններում, որի արդյունքում Սամվել Կարապետյանի և ևս 35 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, Սամվել Կարապետյանը կալանավորվել է և այն փաստին, որ ընդդիմությունը սա մեկնաբանում է որպես քաղաքական հետապնդում, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ երբ կոնկրետ դեպք է ասվում, թալանը քողարկվում է, ինչ-որ տերմիններ են հնչում․ «Ադրբեջան, Ալիև, Թուրքիա․ մենք այդ միտումը տեսնում ենք։ Այսինքն՝ եթե 64 միլիարդի չարաշահումը եղել է, ուրեմն՝ ի՞նչ, ՀՀ իրավապահ համակարգը ի՞նչ պտի անի, պտի գործի, և դա ժողովրդի պահանջն ու պայմանն է։ 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը։ Կապ ունի ուրիշ բան, որ մենք այսպես կոչված մեր բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք։ Իհարկե, դատական գործընթաց կլինի և իրավական գնահատականներ կլինեն։ Մենք պետք է 64 միլիարդ դրամի չարաշահումը և բաժանվող պայուսակները դնենք կշեռքի նժարներին։ Մինչև վերջ գնալու ենք, հասկանանք բարերարության ծագումնաբանությունը։ Դա շատ լավ առիթ է, որ այդ ըմբռնումը տեղի ունենա»։

Փաստմանը՝ Բրյուսելում հայտարարեցիք, որ ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինել 2027-2028-ին և նաև նշեցիք, որ և′ ԵՄ-ին, և′ ԵԱՏՄ-ին միաժամանակյա լիարժեք անդամակցությունն անհնար է և հարցին՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ՀՀ-ն գործնականում սկսել է ԵԱՏՄ-ից դուրս գալու քաղաքական նախապատրաստությունը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ոչ, չի նշանակում, որ նախապատրաստություն ենք սկսել։ Մենք չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց գիտեք նաև, որ ԵԱՏՄ գործընկերները բարձրացնում են այդ հարցը՝ կողմնորոշվելու և հանրաքվե անցկացնելու։ Ես ասել եմ, որ այս պահին հանրաքվեի առարկա գոյություն չունի, որ մենք կարողանանք հանրաքվե անցկացնել։ Պրոցեսը տանում է դեպի դա, որ ի վերջո 2027-2028-ին պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով՝ մանավանդ, որ մենք ունենք գործող օրենք»։

Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment