Եվրամիության արտաքին գործերի նախարարները հունվարին «մանրակրկիտ քննարկում» կանցկացնեն Վրաստանի նկատմամբ նոր միջոցների կիրառման հարցի շուրջ, որոնք ուղղված կլինեն Թբիլիսիի՝ ժողովրդավարությունից հետագա նահանջը կանխելուն։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Նրա հայտարարությունները հնչել են Եվրահանձնաժողովի կողմից թեկնածու երկրների առաջընթացի վերաբերյալ տարեկան զեկույցների հրապարակման ֆոնին։
«Վրաստանի կառավարությունն այժմ ժողովրդավարական հետընթացի պատճառով գնում է Եվրամիության հետ առճակատման։ Սա միանգամայն ակնհայտ է։ Ձեռնարկված քայլերն այժմ սխալ ուղղությամբ են տանում», – զեկույցներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կալլասը։
Պատասխանելով Euronews-ի հարցին, թե արդյոք կառաջարկի Վրաստանի կառավարության նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել, Կալլասը նշել է, որ դեռ վաղ է այդ մասին խոսել, քանի որ հունվարին նախատեսված քննարկման նպատակն է համաձայնեցնել տարբեր դիրքորոշումները։