Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել պարզել բոլոր ազգային բարերարների ունեցվածքի ծագումը։ Առիթը նոյեմբերի 5-ի ճեպազրույցում հնչած հարցն էր՝ գործարար, բարերար և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին առաջադրված նոր մեղադրանքի վերաբերյալ։ Կարապետյանին մեղսագրվում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում (ՀԷՑ) ավելի քան 64 մլրդ-ի չարաշահումներ։
«Իրավիճակը շատ պարզ է՝ չարաշահումներ եղե՞լ են, թե՞ ոչ։ Ամեն ինչ պետք է սկսվի այս հարցի պատասխանից։ Եթե իրավապահները՝ ՔԿ-ն, դատախազությունը, գնացել են այս քայլին՝ իմանալով, որ թեմայի շուրջ շահարկումներ են լինելու, ուրեմն գործընթաց սկսելու համար ծանրակշիռ փաստարկներ ունեն», — ենթադրել է Փաշինյանը։
Այնուհետև վարչապետը հայտարարել է, որ Հայաստանում ավելի քան 30 տարի թալանը քողարկվում է այլ հասկացություններով ու եզրույթներով՝ «Ադրբեջան, Ալիև, Թուրքիա և այլն»։
«Հարցը հետևյալն է. եթե չարաշահումներ են եղել, ի՞նչ պետք է անի իրավապահ համակարգը։ Գործի. սա ժողովրդի պահանջն ու պայմանն է։ Եթե կա 64 մլրդ-ի չարաշահում, Ալիևն ի՞նչ կապ ունի։ Կապն այն է, որ պետք է պարզել մեր այսպես կոչված բարերարների ունեցվածքի ծագումը», — հայտարարել է Փաշինյանը։ Անդրադառնալով նաև անմեղության կանխավարկածին՝ վարչապետը հավաստիացրել է, որ իրավական գնահատական կտրվի։