Որտե՞ղ է բյուջեում գերիների հարցը․ ընդդիմադիր պատգամավորը՝ Միրզոյանին

Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը պետք է փնտրել ՀՀ պետբյուջեի 2027թ․ նախագծի՝ Ադրբեջանի հետ խաղաղության ամրապնդմանը, ինստիտուցիոնալացմանը վերաբերող կետում։

Այդ մասին այսօր ԱԺ պետական–իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Սյուզաննա Ավետիսյանի հարցին։ Ընդդիմադիր պատգամավորը Միրզոյանի՝ 2027թ․ բյուջեի նախագծում սահմանված առաջնահերթությունների վերաբերյալ զեկույցը լսելուց հետո, հարց էր ուղղել նախարարին, թե որտե՞ղ են ՀՀ պետական բյուջեի նախագծում գերիների վերադարձի հարցով զբաղվելու ծրագրերի ֆինանսական և արդյունքային ցուցանիշները։

«Գերիների և անհետ կորածների հարցը պետք է փնտրել Ադրբեջանի հետ խաղաղության ամրապնդման, ինստիտուցիոնալացման կետում։ Երբ մենք խոսում ենք խաղաղության ամրապնդումից, համաձայնագրի կնքումից, համագործակցության հաստատումից, բոլորս հասկանում ենք, որ խաղաղության հաստատումից բացի կա հաշտեցման երկար գործընթաց, և սա չի կարող լինել առանց գերիների, ընդհանրապես հումանիտար հարցերի, նաև անհետ կորածների հարցերի ամբողջական հասցեագրման»,- նշեց ՀՀ ԱԳՄԱ նախարարը։

Միրզոյանը հավաստիացրեց, որ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատում են այս ուղղությամբ՝ առանց հարցը մոռացության մատնելու, արդյունքը ժամանակ առ ժամանակ է լինում։ Հավելեց՝ կլինեն մարդիկ, որ կասեն, թե արդյունքները բավարար չեն, կհամաձայնի, կլինեն նաև մարդիկ, որ կասեն, թե այս արդյունքն էլ վատ ցուցանիշ չէ, ու այս հարցում էլ կհամաձայնի։

«Կարծում եմ, որ ՀՀ-ում հայ ժողովրդի համար այդ հարցն ավելի առաջնային է, քանի, օրինակ, Ձեր զեկույցում նշված Քրդստանի դիվանագետների վերապատրաստման կամ ծաղիկների հարցը»,- արձագանքեց ընդդիմադիր պատգամավորը։

Միրզոյանը նշեց՝ ցավոք, այս հարցը ֆինանսական չէ, այլապես այն ավելի հեշտ հնարավոր կլիներ լուծել։

Sputnik Արմենիա

Leave a comment