«Այն ժամանակներում, որ ապրում ենք, 63 տարեկանը մեծ թիվ չի։ Այսինքն՝ 63 տարեկան մարդը ծեր չէ, 64 տարեկանը, 65, 70,72-ն էլ ծեր չեն, և դա երևում է նաև մեր կյանքի միջին տևողության սպասումների հետազոտություններով։ Մենք կարծում ենք, որ այս տարիքի մարդիկ ոչ միայն ծեր չեն, այլև ունեն տնտեսական պոտենցիալ։ Շատ դեպքերում մարդուն էդ թոշակառու պիտակը կպցնելով՝ ըստ էության նպաստում ենք նրանց տնտեսական ապաակտիվացմանը»,- ՀՀ կառավարության նիստի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարությունը քննարկեց և ընդունեց 63-72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է աջակցություն այս տարիքային խմբի անձանց համար, որոնք կներկայացնեն իրենց գործարար ծրագրերը։
Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Այս քաղաքական ուղերձը հղելու խնդիր ունենք, որ 63 տարեկան և 72 տարեկան մարդկանց համար դեռ կյանք կա դիմացը ապրելու, և պետք է այն կազմակերպել հնարավորինս հագեցած ու բովանդակային։ Այնքան ասել ենք՝ թոշակառու եք, գործարարությամբ զբաղվելու ցանկություն չունեն։ Մեր ծրագրի նպատակն է, որ այս ցանկությունը վերականգնվի»։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը ներկայացրեց ծրագիրը․ «Դիմումատու քաղաքացիները կկարողանան անվճար մասնակցել բազային ձեռնարկատիրական գիտելիքների ստացմանն ուղղված դասընթացներին, ձեռք բերեն այն անհրաժեշտ պաշարը, որը բավարար կլինի մարքեթինգային գործունեություն ծավալելու, հաշվարկներ իրականացնելու համար։ Նրանց աջակցություն կտրամադրվի սեփական գործարար ծրագիրը մշակելու համար։ Տրամադրվող ֆինանսավորումը մինչև 2 միլիոն դրամ է, ծրագիրը նախատեսված է առնվազն 400 անձի համար՝ ուսման մասով և 200-ի համար՝ արդեն ֆինանսավորման մասով»։
ՀՀ կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: