2020 թ. նոյեմբերի 9-ին կնքվեց հրադադար, սակայն նույն օրը Մարտունու շրջանում հերոսաբար նահատակվեց Հարութը՝ հավերժ մնալով Վակունիսի դպրոցի զինղեկ ու Հայոց բանակի սպա

Արցախի ներկայիս Քաշաթաղի շրջանի ազատագրման համար առաջին գոյամարտում՝ 1990-ականներին, զոհվեցին 300-ից ավելի քաջորդիներ։ Երբ կազմավորվեց Քաշաթաղի շրջանը, և Բերձոր շրջկենտրոնում կառուցվեց Հերոսներին նվիրված հուշահամալիր, երեք խոնարհված պատերին քանդակված էին այդ քաջերի անունները։ Նույն շրջանում կան բնակավայրեր, որոնց ազատագրումն առավել ծանր է նստել մեզ համար։ Միայն Հոչանց բնակավայրն ու համանուն բարձունքն ազատագրելիս, այնուհետև պաշտպանելիս՝ մոտ 100 քաջորդի իր կյանքը տվեց։ «Նիկոլ Դուման» և այլ ջոկատներից մոտ 10 հերոսներ իրենց կյանքը տվեցին Ծաղկաբերդի ազատագրման համար։ Հարարի, Ամուտեղի, Կովսականի ազատագրումն էլ մեծ դժվարությամբ եղավ։

Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք գավառի հայաթափումն սկսվեց 18-րդ դարավերջից և տևեց մինչև 20-րդ դարասկիզբ։ 1993 թ. գարնանն ազատագրվեց շրջանի հյուսիսային հատվածը, իսկ նոյեմբերի սկզբին՝ հարավայինն ամբողջությամբ։ Նույն թվականի մարտի 31-ին ազատագրվեց պատմական Վայկունիք գավառի երբեմնի շեն ու հայաշատ բնակավայրերից Վակունիսը։ Ազատագրվեց ու կրկին վերահայացավ Սիսական գնդի ջոկատներից մեկի հրամանատար Վուրգ Ոսկանյանի և իր 10 մարտիկների նահատակության գնով։

Վերաբնակեցված այս գյուղում 1998 թվականից սկսեց գործել դպրոցը, որը 2001-ին անվանակոչվեց ի պատիվ հերոս-նահատակ Վուրգ Ոսկանյանի։ 2016-ից այս կրթօջախում ռազմագիտություն առարկան դասավանդելու եկավ ստեփանակերտցի երիտասարդ լեյտենանտ Հարութ Ալեքսանդրի Պետրոսյանը, որը սկսեց իր սաներին առավել մտերմացնել ռազմարվեստին։ Հաճախ էր նրանց հետ այցելում գյուղի մուտքի մոտ սրբավայր դարձած հուշարձան, որտեղ 1993 թ. մարտի 31-ից մնացել էր Սիսական գնդի՝ թշնամու կողմից ականակոծված «ՈՒՐԱԼ» զինվորական մեքենան։ Այստեղ՝ նահատակ տղաների անուններով խաչքարի մոտ, հաճախ էր արիության դաս անցկացնում։

Եղավ Արցախյան 44-օրյա պատերազմը, և Քաշաթաղի շրջանից շատերը կամավոր ու որպես պահեստազորային մեկնեցին առաջնագիծ։ Պատերազմի մասնակից եղան նաև ժամկետային զինծառայողները։ Սեպտեմբերի 27-ին Բերձորի զինկոմիսարիատի մոտ շատերն էին հավաքվել՝ պատրաստ մեկնելու առաջնագիծ։ Պատերազմ գնաց նաև Հարութը։

Ծնվել է 1990 թ. փետրվարի 6-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Սովորել է տեղի թիվ 5 միջնակարգ դպրոցում։ 7 տարեկանից հաճախել է ըմբշամարտի պարապմունքների։ Հարութը գրեթե բոլոր մրցումներում էր ճանաչվում հաղթող-մրցանակակիր։ Ծնողների, երկու քույրերի համար հպարտություն էր Հարութը, և նրա ամեն մի հաջողություն մարզաձևում, դպրոցում, հետագայում բանակում և համալսարանում ուսանելիս շատ էր ուրախացնում նրանց։

Դպրոցն ավարտելուց հետո՝ 2007 թ., ընդունվել է Արցախի պետական համալսարանի (ԱրՊՀ) Նախնական զինվորական պատրաստության և ֆիզիկական դաստիարակության բաժին։ 2008-ին զորակոչվել է Հայոց բանակ։ Ծառայել է «Արա Լեռ» հրետանային զորամասում։ Ծառայության երկու տարիների ընթացքում զորամասի հրամանատարության կողմից ծնողներն ստացել են շնորհակալագրեր։

Համալսարանում ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Մարտունու շրջանի Ննգի գյուղի դպրոցում՝ որպես ՆԶՊ ուսուցիչ։ Ամուսնացել է Հադրութի շրջանի Տումի գյուղից Նունե Գրիգորյանի հետ, որն ավարտել է ԱրՊՀ բանասիրական բաժինը։ 2016-ի օգոստոսին միասին տեղափոխվել են Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղ, որտեղի դպրոցում Նունեն սկզբում աշխատում էր որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, իսկ 2019-ից՝ տնօրեն։

Այդ ժամանակ Քաշաթաղի շրջվարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիրն էի և աշխատանքի բերումով լինում էի նաև Վակունիսում։ Դպրոցում հաճախ էին կազմակերպվում տարբեր միջոցառումներ՝ հիմնականում ռազմամարզական։ Հարութն էլ իր տեղն ուներ այդ միջոցառումների ժամանակ՝ կազմակերպիչների, մասնակիցների հետ։ Երիտասարդ զինղեկն իր սաների համար ընկեր էր ու ուսուցիչ, խորհրդատու զինվորական։

Սակայն եղավ պատերազմ, և ամեն ինչ փոխվեց։ Պատերազմի առաջին օրից մինչև նոյեմբերի 9-ը Հարութը մարտադաշտում էր, եղել է դասակի հրամանատար ու իր զինվորների հետ հերոսաբար մարտնչում էր, մեծ վնաս հասցնում թշնամուն։ 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքվեց հրադադար, սակայն նույն օրը Մարտունու շրջանում հերոսաբար նահատակվեց Հարութը՝ հավերժ մնալով Վակունիսի դպրոցի զինղեկ ու Հայոց բանակի սպա։

Կինը՝ Նունեն, պատմում է՝ մշտապես կապի մեջ են եղել։ Վերջին անգամ զանգել է նոյեմբերի 8-ի երեկոյան։

«Շատ տխուր էր, վերջին բանը, որ ասաց՝ ոչ մի բանից չեմ վախենում, մենակ վախենում եմ ձեզ էլ չտեսնեմ… ու կապը ընդհատվեց…»,- ասաց Նունեն։

Հուղարկավորված է Եռաբլուրում։ Հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով և «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

Այդ օրը՝ նոյեմբերի 9-ին, Մարտունիում նահատակվեց նաև բերձորցի, Հայոց բանակի փոխգնդապետ Վահագն Բաբայանը։ 2020 թ. 44-օրյա պատերազմում զոհվեց նաև Հարութի սաներից 18-ամյա Ժիրայր Գագիկի Մարգարյանը, որը վեց քույրերի միակ եղբայրն էր ու ավագը։ Միասին հաճախ էին այցելում Վուրգի և իր զինվորների նահատակության վայր, ոգեշնչվում նրանց հերոսությամբ։

Հարութի կինն ու փոքր որդին՝ Ալեքսանդրը, որը կրում էր 2018-ին մահացած պապի անունը, սկզբում Վակունիսում էին, հետո տեղափոխվեցին Երևան։

Հարութի մասին՝ որպես զինղեկ ու լավ հայ, գովեստով, սիրով ու ցավով են խոսում Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը և ՆԶՊ գծով տեսուչ Արին-Վոլոդյա Գալստյանը։

Նշեմ՝ Քաշաթաղի շրջանից 44-օրյա պատերազմում նահատակվել են նաև Ուռեկանի, Փակահանի դպրոցների զինղեկներ Գևորգ Հրայրի Սիմոնյանը (1990 թ.), Սուրեն Աշոտի Հովհաննիսյանը (ծնվ. 1974 թ.), Վուրգավանի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, ձյուդոյիստ Աշոտ Արայի Կոստանյանը (1990 թ.)։ Մինչ օրս անհայտ կորած են համարվում Հակարի և Հակ գյուղերի դպրոցների տնօրեններ Արսեն Անդրանիկի Հայրապետյանը (1991 թ.) և Յուրիկ Սոսիկի Պողոսյանը (1972 թ.)։

Առավել ցավալի է՝ ամբողջովին հայաթափ է Արցախ աշխարհը, թշնամու տիրապետության տակ անցան հայոց տարածքները՝ Վակունիսն ու Վուրգավանը, Ուռեկանն ու «Արա Լեռ»-ը, Հակարին ու Հակը…։ Այսօր հայրենի հողից բռնի տեղահանված արցախցիները բնակվում են Երևանում, ՀՀ տարբեր մարզերում, արտերկրում։ Սակայն հայրենի տան կարոտը կանչում է, ու շատերն են հավատում՝ կգա տունդարձի օրը։

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment