Փաշինյանը պլանավորում է մեկնել Թուրքիա` մասնակցելու COP31–ին

Բաժանորդագրվել

Սա ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովների պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախագահությունը կիսված է երկու երկրների միջև:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մեկնել Թուրքիայի Անթալիա քաղաք` մասնակցելու COP31–ին։ Այդ մասին նա այսօր ասաց ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։

«Անթալիա մեկնելու պլաններ ունեմ` COP–ին մասնակցելու»,– ընդգծեց նա։

Նշենք, որ COP31-ը (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովը) կայանալու է Թուրքիայի Անթալիա քաղաքում 2026 թվականի նոյեմբերի 9–20-ը: Սա կլիմայական գլոբալ օրակարգի կարևորագույն միջոցառումներից է, որն այս անգամ ունի մի շարք ուշագրավ առանձնահատկություններ։

Սա ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովների պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախագահությունը կիսված է երկու երկրների միջև: Հյուրընկալող կողմը և կազմակերպչական նախագահը Թուրքիան է (ի դեմս շրջակա միջավայրի նախարար Մուրատ Քուրումի), իսկ բուն բանակցությունների նախագահությունը վստահված է Ավստրալիային (ի դեմս կլիմայի փոփոխության նախարար Քրիս Բոուենի):

Համաժողովի գլխավոր կարգախոսն է «իրականացումը» (delivery)՝ պարտավորություններից անցումը կոնկրետ գործողությունների և Փարիզի համաձայնագրի կատարմանը: Օրակարգի առանցքում են լինելու հանածո վառելիքից հրաժարվելու կամավոր ճանապարհային քարտեզները և անտառահատումների դադարեցումը:

Նշենք, որ COP31-ը հաջորդում է Երևանում անցկացվող Կենսաբազմազանության COP17 համաժողովին: Միջազգային փորձագետները շեշտում են, որ Երևանի (բնության պահպանություն) և Անթալիայի (կլիմայի փոփոխություն) գագաթնաժողովները հիանալի հնարավորություն են ստեղծում Ռիոյի կոնվենցիաների միջև սիներգիա ապահովելու և էկոլոգիական ճգնաժամերը համատեղ հասցեագրելու համար:

Համաժողովի պաշտոնական անցկացման վայրն է լինելու ANFAŞ Antalya Expo Center մեծածավալ համալիրը:

Leave a comment